Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները տպավորված են բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալություններից ու բացահայտումներից


Ադրբեջանում այսօր քարոզարշավի վերջին օրն է: Շաբաթ օրը ադրբեջանցիները վերջնականապես կորոշեն՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, գնալու դեպքում էլ՝ ու՞մ ձայն տալ:

Երկիրը բաժանված է 125 ընտրատարածքի, ընդհանուր առմամբ առաջադրվել է 1567 թեկնածու: Միայն հոկտեմբեր ամսին պատգամավորության թեկնածուները անցկացրել են 22 հազար հանդիպում ընտրողների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակցի անցկացրած հարցումները վկայում են, որ ադրբեջանցիները առավելապես տպավորվել են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական արշավից, այլ բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալություններից ու բացահայտումներից:

Ընտրողների մի մասը համոզված է, որ նախարարների վերջին պաշտոնանկություններն ու ձերբակալությունները քաղաքական պայքարի, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք են:

«Բոլորն էլ նույն են, կհեռացնեն նրանց, ում իրենց [իշխանություններին] է ձեռնտու», - ասել է մի երիտասարդ կին:

Մեկ այլ բաքվեցու խոսքով էլ, ձերբակալված պաշտոնյաներին պետք է ցույց տալ հեռուստացույցով եւ խոսել նրանց գործած հանցագործությունների, վերցրած կաշառքների եւ ընդդիմության հետ կապերի մասին միայն դատարանի վճռից հետո:

Գլխավոր հետեւութունը, որին հանգել է այս ողջ պատմությունից հետո ադրբեջանցի ընտրողների մեծ մասը, «Ազատություն» ռադիոկայանին առավել դիպուկ բնութագրեց շարքային մի բաքվեցի. - «Մինչեւ այս ամենն էլ ամեն ինչ պարզ էր: Մենք որպես այս երկրի քաղաքացի գիտենք, թե ինչ է կատարվում: Իսկ կասկածյալներին հեռուստատեսությամբ ցույց տալը պարզապես ֆարս էր»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG