Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԱՀԿ-ից դիտորդներ չի հրավիրել


Հայաստանում նոյեմբերի 27-ին տեղի ունենալիք Սահմանադրական հանրաքվեի ընթացքին ԵԱՀԿ դիտորդներ չեն հետեւելու: Պատճառը շատ պարզ է՝ Հայաստանի իշխանությունները նման հրավեր ԵԱՀԿ չեն ուղարկել:

«Սովորաբար մենք ստանում են հրավեր, նոր ենք գնում դիտորդական առաքելություն իրականացելու, բայց այս դեպքում մենք այդ հրավերը Հայաստանի իշխանություններից չենք ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց ԵԱՀԿ-ը Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարզ Դոտիրը՝ հավելելով, թե հրավերը իրենց կարող էին ուղարկել նախագահի աշխատակազմից, արտգործնախարարությունից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ասաց, որ դա իրենց նախարարության պարտականությունը չէ: Ազգային ժողովի լրատվական վարչությունից էլ ասացին, թե իրենք հրավիրող կողմ չեն: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդեցին, թե իրենք նման լիազորություններ չունեն:

Առնվազն տարօրինակ է, թե ինչպես էին ԵԱՀԿ դիտորդները նախորդ ընտրությունների ժամանակ հայտնվել Հայաստանում:

Հանրաքվեի ընթացքին հետեւելու համար Հայաստան ժամանելիք միջազգային դիտորդների թիվը, թերեւս, կսահմանափակվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10 դիտորդներով: Այդ առաքելությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, հրավերն ուղարկել է Ազգային ժողովը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG