Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը, թե Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները կավարտվեն Իլհամ Ալիեւի կուսակցության հաղթանակով, իրականում ոչ միայն կանխատեսում է, այլեւ ցանկություն: ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իրեն հաշիվ է տալիս, որ իր եւ Ալիեւի վարչակարգերը ճակատագրով կապված են, եւ այն, ինչ տեղի է ունենում մեկի հետ, կարող է իրականություն դառնալ մյուսի դեպքում», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ը՝ ընդգծելով. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեսնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի սուբյեկտներից մեկը՝ այսինքն Ալիեւը, շարունակում է իշխանության ղեկին մնալ, ամեն ինչ կանեն մյուս սուբյեկտին էլ իշխանության ղեկին պահելու համար, եւ ընդհակառակը»: Հիշեցնելով, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի են ունենում 20 օրվա տարբերությամբ՝ մեկնաբանը բխեցնում է. - «Նոյեմբերի 27-ին արդեն իսկ պարզ կլինի Իլհամ Ալիեւի իշխանության ճակատագիրը եւ Արեւմուտքը մեծ բարդություն չի ունենա Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին հաջորդող իր անելիքները որոշելիս»:

«Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության՝ իր «մեծ» նպատակին հասնելու, այսինքն՝ հանրաքվեն հեղափոխության վերածելու շանսերը». - «Հայոց աշխարհ»-ի այս հարցին Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը պատասխանում է. - «Զրոյական»:

Նույն թերթում Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ուրվագծում է. - «Ամենից առաջ բնակչությանը պետք է բացատրել, որ սա ընթացիկ քաղաքական խնդիր չէ: Այս պահին իշխանության ձեւավորման կամ իշխանափոխության հարց չէ, եւ կապ չունի նրա հետ, թե ով է օրվա իշխանությունը, ով՝ ընդդիմությունը: Փոփոխությունները երկրի զարգացման համար են անհրաժեշտ. եթե «ոչ» ասացին կամ բոյկոտեցին, ի՞նչ է փոխվելու: Ոչինչ: Մնալու է գործող Սահմանադրությունը եւ վերջ»:

«Առավոտ»-ի տպավորությամբ՝ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի համար մի գայթակղիչ կարգախոս են պեղել. «Այո»՝ եվրոպական Սահմանադրությանը, «Ոչ»՝ ՀՀՇ-ական Սահմանադրությանը»: «Փաստորեն «այո»-ի կողմնակիցների համար արդեն այնքան անվիճելի է սեփական պարտության փաստը, որ նրանց ոչինչ չի մնացել ժողովրդին ՀՀՇ-ական Սահմանադրությամբ վախեցնելուց բացի», -գրում է թերթի մեկնաբանը:

«Արդեն մի քանի դեպքեր կան, որ չի կատարվել Սահմանադրական դատարանի որոշումը, եւ դրանցից մեկն առնչվում է սեփականության օտարմանը, որն այսօր այդքան ցավոտ հարց է դարձել «իրացման տարածքների» բնակիչների համար», - արձանագրում է «Առավոտ»-ը՝ առանձացված մատուցելով. - «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել այն, որ դեռ 1998-ին սեփականության օտարման վերաբերյալ իրենց որոշումը չի կատարվել մինչ այսօր»: Թերթին փոխանցել են Հարությունյանի պատասխանը. - «Սահմանադրական դատարանը չի գնում իր որոշումների հետեւից»: «Անշարժ գույքի մասին» օրենքի հակասահմանադրական դրույթները շարունակում են մնալ ուժի մեջ եւ դրանով այսօր մարդիկ իրենց կամքին հակառակ զրկվում են սեփականությունից», - ամփոփել է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը պարապ գործ է: Ինչպե՞ս կարելի է պայքարել մի երեւույթի դեմ, որը այդպես էլ չի հայտնաբերվում», - սահմանված է «Հայկական ժամանակ»-ում: «Առավոտ»-ի հայացքով՝ այսօր «հայաստանյան կոռուպցիայի իրական ծավալների եւ արմատների մասին չգիտեն թերեւս միայն նորածինները». - «Բայց երբ այդ խիստ ակնհայտ երեւույթը չի նկատում նաեւ հատուկ այն նկատելու նպատակով պաշտոնապես ստեղծված «Գրեկո» կոչվող միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության անդամ հանդիսացող եւ բարձրահունչ անվանում ունեցող մարմինը, ապա պարզ է դառնում, որ գոնե տեսանելի ապագայում կոռուպցիան Հայաստանում ոչ միայն չի վերանալու, այլեւ գուցե թե ահագնանալու է»:

«Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի հավանական թեկնածու է համարվում արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանը, սակայն այդ պաշտոնին նշանակվելու համար նա պետք է ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում», - գրում է «168 ժամ»-ը: Թերթի տեղեկություններով, Տիգրան Մուկուչյանի անունը այնտեղ չկա. - «Նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ նա արտահերթ ներկայացվել է այդ ցուցակում ընդգրկվելու համար»: Արդարադատության նախարարի մամլո քարտուղարը այդ կապացությամբ «168 ժամ»-ին փոխանցել է. - «Միայն կարող եմ ասել, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը իր լիազորությունների շրջանակներում հանդես է եկել միջնորդությամբ նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանին ընդգրկել դատավորների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Ազգ»-ի հարցազրույցում նկատում է. - «Մենք հասկացել ենք, որ Ռուսաստանը միայն Մոսկվան չէ: Մոսկվան որպես շուկա փակ է: Մոսկվան առանձին պետություն է Ռուսաստանում: Մենք պետք է աշխատենք ռուսական մարզերի հետ եւ դա կլինի մեր հաջողությունը»:

«Գոլոս Արմենիի»-ի փոխանցմամբ, մինչեւ տարեվերջ 30 տոկոսով կրճատվելու է ճանապարհային պետավտոտեսուչների քանակը: Նույն թերթում բերված «Աքիլլես» հասարակական կազմակերպության տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանի տեղեկություններով, կրճատման է ենթակա 150 ավտոտեսուչ, իսկ ընդհանուր առմամբ համակարգում կա 450-500 ավտոտեսուչ. - «Հայաստանի համար դա շատ է, եւ որքան քիչ լինեն ավտոտեսուչները, այնքան քիչ կլինի կոռուպցիայի հնարավորությունը պետավտոտեսչությունում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG