Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. Փոփոխված Սահմանադրությունը «փոշիացնելու է մեր պետականությունը»


«Մեր պետականությունը փոշիանալու է, եթե իրականություն դառնա այսօրվա իշխանությունների ծրագրած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն», - հինգշաբթի օրը կարծիք հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության գերատեսչության նախկին ղեկավար, առաջին նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Փոփոխությունների նախագծում նա հատկապես վտանգավոր է համարում երկքաղաքացիությանը եւ Ազգային ժողովին պետական սահմանները փոփոխելու իրավասությամբ օժտելուն վերաբերող դրույթները:

«Ռուսաստանը [երկքաղաքացիության ընդունման դեպքում] կստանա իրավական իրավունք՝ ձեւավորելու Հայաստանի իշխանությունը: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքականապես հանդիսանում են Ռուսաստանի վասալը, ապա այս ամենից հետո Ռուսաստանը կստանա դրա իրավական իրավունքը», - հայտարարեց Շահնազարյանը:

Նա ծիծաղելի է համարում ընտրությունների ժամանակ Հայաստանից դուրս քվեարկության վերահսկողությունը, եւ այս կետը Սահմանադրությամբ ամրագրելու պարագայում ավելի դժվար է տեսնում հետագա իշխանությունների իրավիճակը, երբ նրանք կանգնելու են արդեն «քաղաքացիությունն այդ մարդկանց ձեռքից վերցնելու խնդիր առջեւ»: Շահնազարյանի համոզմամբ, այդ կետը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կվերածվի «պետականատիպ կազմավորման», եւ «անկախության վերահռչակումը իր երկրորդ փորձին կսպասի մեր երկրում»:

Իսկ սահմանների փոփոխության հնարավորությունը մեր իշխանությունները պատրաստվում են օգտագործել միայն մեկ նպատակով, եւ, Շահնազարյանի համոզմամբ, դա Մեղրիի հանձնման տարբերակը չէ, թեեւ այդ հարցն էլ «օրակարգից հանված չէ»:

«[Նպատակը] Ռուսաստանի համար ինչ-որ զարգացումների դեպքում այդ կետը Ջավախքի նկատմամբ կիրառելն է», - հայտարարեց նա՝ հավելելով. - «Նման զարգացումը ուղղակի կպայթեցնի տարածաշրջանը եւ մեր պետականությունը կդնի չափազանց ծանր վիճակի մեջ»:

Շահնազարյանի կարծիքով, այսօր կա խորհրդարանական ընդդիմության մի հատված, որը թեեւ արտաքնապես իշխանությանը քննադատելով է զբաղված, իրականում ջերմոցային պայմաններ է ստեղծում նույն իշխանությունների համար: Եվ այդ շարքում նա առանձնացրեց Արտաշես Գեղամյանին, ով «այսօր պակաս ընդդիմադիր է, քան ցանկացած պետական պաշտոնյա»:

Նա հարկ չհամարեց բացահայտել մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի անունը, ով, նրա համոզմամբ, վերահսկվում է իշխանությունների կողմից. - «Նա երբեք էլ ընդդիմություն չի եղել, միշտ կատարել է իշխանության պատվերները: Նրան որպես ընդդիմադիր գործիչ կարող եք վաղուց համարել անվավեր»:

Հայաստանի նախկին նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը չի կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

«Թե’ Հայաստանի ղեկավարը, թե’ Ադրբեջանի ղեկավարը շարունակում են, ըստ էության, հակամարտությունը սառեցված պահելու իրենց քաղաքականությունը», - հայտարարեց նա: - «Նրանց համար դա գերխնդիր է: Ցանկացած փոփոխություն նրանք գնահատել եւ գնահատում են որպես մեծ վտանգ իրենց իշխանությանը»:

Իսկ Հայաստանը չհաշմելու միակ հնարավորությունը Դավիթ Շահնազարյանը ժողովրդական ալիք բարձրացնելու մեջ է տեսնում. - «Այն ուժերը, այն անհատները, որոնց համար Հայաստանի պետականությունը բացարձակ արժեք է, պետք է սատարեն բոլոր այն հանրահավաքային գործողություններին, որոնք, հուսով եմ, Հայաստանում կծավալվեն»:

Նա հավաստիացրեց նաեւ, որ նախկին իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը, ամեն ջանք գործադրելու է մեր պետականության դեմ ուղղված այս դավադրությանը խոչընդոտելու առումով՝ խուսափելով, սակայն, ճշտել, թե իրենք պատրա՞ստ են այդ ընթացքում կանգնել ներկայիս ընդդիմադիրների կողքին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG