Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց հաշմանդամների սոցիալական պաշտպանության ռազմավարական ծրագիրը


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը, որի նպատակը հաշմանդամության հետեւանքների հաղթահարման միջոցով սոցիալապես խոցելի այդ շերտի ինտեգրումն է հասարակությանը։

Նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը լրագրողներին վստահեցրեց, թե ընդունված փաստաթուղթը թույլ կտա հանրապետության ավելի քան 135 հազար հաշմանդամների խնդիրները լուծել ծրագրերի միջոցով՝ վստահեցնելով, թե ծրագրի իրագործումը կապահովի տարբեր պատճառներով հաշմված անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանի խոսքերով, ռազմավարության իրագործումը թույլ կտա հասարակական բոլոր բնագավառներում հաշմանդամների համար առողջ մարդկանց հետ հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովել: Բաղդասարյանը ասաց, որ փաստաթղթի հիմքում դրվել է, այսպես կոչված, հաշմանդամության սոցիալական մոդելը՝ վստահեցնելով, որ այսուհետ կարվի ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությունը եւ պետությունը հաշմանդամներին վերաբերի այնպես, ինչպես վարվում են զարգացած եվրոպական երկրներում։

Սակայն հաշմանդամների սոցիալական ապահովությունը եվրոպական չափանիշներով թանկ հաճույք է. կարո՞ղ է արդյոք 8 հազար դրամ միջին կենսաթոշակ ստացող հաշմանդամը այդպիսի ապահովվածություն ունենալ։ Այս հարցին հայաստանյան պաշտոնյաները դժվարանում են պատասխանել:

Պետությունը հաշմանդամների խնդիրները լուծում է եղած ռեսուրսների սահմաններում. եկող տարի 1000 դրամով կավելանա հաշմանդամների կենսաթոշակը, ընդհանուր առմամբ բյուջեից մոտ 650 միլիոն դրամ կհատկացվի հաշմանդամների անվճար բուժօգնության, հանգստի կազմակերպման, պրոթեզավորման, դեղորայքով ապահովման ու այլ նպատակներով։

Ֆիլարետ Բերիկյանն այսօր ասաց նաեւ, թե արդեն հաջորդ տարվանից քայլեր կարվեն, որպեսզի լուծվի հաշմանդամների տեղաշարժման խնդիրը։ Տրանսպորտային միջոցներում, օդանավակայանի եւ մետրոյի շարժասանդուղքներում, բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի շքամուտքերում կնախատեսվեն հատուկ հարմարանքներ կամ կցակառույցներ՝ հաշմանդամ մարդկանց տեղաշարժերը ապահովելու նպատակով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG