Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրությամբ, գները Հայաստանում նվազել են 3,5 տոկոսով


Պաշտոնական վիճակագրություն տվյալներով, այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանում գների մակարդակը անցյալ տարվա դեկտեմբերի հետ համեմատած նվազել է 3,5 տոկոսով։ Վիճակագիրները վստահեցնում են, թե պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում իջել են մոտ 6 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները եւ ծառայությունների սակագները աճել են ընդամենը 1,8 տոկոսային կետով։

Սակայն այսօր դժվար է անվերապահորեն հավատալ, թե իսկապես Հայաստանում գները չեն բարձրանում ու կյանքը էժանանում է։ Նույնիսկ Ազգային ժողովի նախագահը ու բազմաթիվ պատգամավորներ ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունն ու տարակուսանքն են արտահայտում վիճակագրության փաստարկների դեմ։

Հայաստանի որոշ խոշոր դոնորներից Համաշխարհային բանկը նույնպես խոսում է վիճակագրական թվերի ոչ այնքան կոռեկտ գնահատականների մասին՝ մասնավորապես ավտովառելիքի շուկայի ծավալների առնչությամբ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ բենզինի գնի 1 եւ դիզելային վառելիքի 2,6 կետանոց անկում է արձանագրվել, մինչդեռ ցանկացած վարորդ ճիշտ հակառակը կպնդի։ Ավտովառելիքի գները Հայաստանում վերջին առնվազն 6 ամիսներին ոչ թե մի քանի կետով իջել են, այլ աճել են մի քանի տասնյակ տոկոսով։

Կամ ասենք, ինչպե՞ս կարող էր ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակն իջնել, երբ վերջին ամիսներին էապես բարձրացել են հեռախոսային կապի սակագները, ուսման վարձավճարները բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սակագների իջեցում չի գրանցվել նաեւ բուժական, տրանսպորտային, հանգստի կազմակերպման, կենցաղային բնույթի ծառայությունների ոլորտներում։

Այդուհանդերձ, պաշտոնյաները շարունակում են պնդել, թե գների մակարդակի փոփոխությունները մեթոդաբանորեն ճիշտ են հաշվարկվում:

«Մենք չենք կարող Հայաստանի համար, որոշ պատգամավորների համար գնաճի նոր կարգավորման ձեւ որոշենք, որ նրանք հասկանան», - հաջորդ տարվա պետական բյուջի նախագծի քննարկումների ժամանակ ասել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Արդեն առաջարկներ են հնչում գնաճի դեմ պայքարը դարձնել ոչ միայն Կենտրոնական բանկի, այլեւ կառավարության պարտավորություն՝ դա սահմանելով օրենքով։ Դրան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարծես թե առարկություն չունի, թեեւ, ասում է, որ իրենք այդ ուղղությամբ եւս քայլեր անում են:

«Մենք համատեղ ենք այդ քաղաքականությունը վարում՝ իհարկե պատասխանատուն լինելով Կենտրոնական բանկը: Բայց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված քայլեր են կատարում, որովհետեւ միայն Կենտրոնական բանկը չի կարող պայքարել սղաճի դեմ», - ասել է Մարգարյանը:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկը իր բոլոր գործողությունները արդարացնում կամ հիմնավորում է հենց գների աճ թույլ չտալու բարի ցանկությամբ՝ հղում անելով «Կենտրոնական բանկի մասին» օրենքին, թեեւ, հարկ եղած դեպքում ընդունում են, որ գների աճը միայն դրամական ոլորտի խնդիր չէ, այն նաեւ սերտ առնչություններ ունի, ասենք, հարկային քաղաքականության կամ մաքսային վարչարարության հետ։

Իսկ որ հատկապես մեր պայմաններում դա այդպես է, լավ երեւում է նույն ավտովառելիքի շուկայի գների շարժից։ Այս շուկան կարծես թե կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նավթի միջազգային շուկաներում։ Այն ժամանակ, երբ դրսի շուկաներում գները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճում են, մեզ մոտ դրանց գները կայուն են, իսկ երբ դրսում են գները կայուն եւ նույնիսկ իջնում են, ապա մեզ մոտ կարող են ճիշտ հակառակ երեւույթները գրանցվել։

Իսկ թե ինչո՞ւ է այդպես, կարելի է կռահել. մի կողմից, գների աճը զսպվում է դոլարը արհեստականորեն արժեզրկելով, մյուս դեպքում պարզապես ավելանում են ավտովառելիքի մաքսանենգ ներկրումները։

Երեւի նաեւ սրանք են շարժառիթները, որ հակառակ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի՝ դոլարը ամրապնդելու քաղաքականության ու ամերիկյան արժույթի երկարաժամկետ ուժեղացման, Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց բառացիոեն երկու շաբաթվա ընթացքում վերանայել հաջորդ տարվա համար դոլարի փոխարժեքի իր կանխատեսումը՝ մեկ ամերիկյան դոլարի դիմաց նախօրոք հայտարարված 468 դրամի փոխարեն առաջարկելով 420 դրամ հաշվարկային փոխարժեք։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG