Մատչելիության հղումներ

Խորհրդարանում շարունակվում են 2006 թվականի բյուջեի քննարկումները


Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր վերսկսվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք այսօր անցան գրեթե դատարկ դահլիճում:

Նիստին մասնակցող հատուկենտ պատգամավորներից «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը հետեւյալ կերպ բացատրեց իր գործընկերների նման վերաբերմունքը երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի նկատմամբ. - «Բյուջեն ամեն տարի ինչ-որ քանակով ավելանում է: Ահագին խնդիրներ լուծվել են վերջին տարիների ընթացքում... Նաեւ դրական տենդենցը բերել-հանգեցրել է էն բանին, որ մարդիկ կարծես ավելի անտարբեր են դարձել բյուջեի նկատմամբ՝ հույսները դնելով, որ ամեն ինչ փուլ առ փուլ կամ ճյուղ առ ճյուղ կատարվում է»:

Առավոտյան նիստում, ինչեւէ, ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, թե 2006 թվականին կշարունակվի դրամի ամրապնդումը: Կենտրոնական բանկը սպասում է, որ հաջորդ տարի դոլարի միջին փոխարժեքը կտատանվի 420 դրամի սահմաններում:

«Դա շուկայական փոխարժեք չէ եւ կանխատեսում չէ 2006 թվականի շուկայական փախարժեքի առումով», - բացատրեց Սարգսյանը: - «Դա ընդամենը հաշվարկային փոխարժեքն է: Թե ռեալ կյանքում ինչպիսին կլինի փոխարժեքը 2006 թվականին՝ այսօր անհնարին է կանխատեսել»:

Տիգրան Սարգսյանը, այդուհանդերձ, վստահեցրեց, թե հաջորդ տարի գների աճը չի գերազանցի ծրագրած 3 տոկոսի սահմանագիծը: Ավելին՝ նրա խոսքերով, Հայաստանի բնակչության եկամուտներն ավելի արագ կաճեն, քան զարգացած երկրների բնակչության եկամուտները, եւ նաեւ այդ պատճառով դրամը կարժեւորվի:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դրական եզրակացությունները ներկայացրին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները։ Խորհրդարանի ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ստիպված էր բուռն բանավեճի մեջ մտնել Հմայակ Հովհաննիսյանի հետ՝ խորհրդային խնայբանկի ավանդերի փոխհատուցման խնդրի հետ կապված ու համոզել, թե խոստացած փոխհատուցումից ավելի պետությունը տալ չի կարող:

«Այն, ինչ մենք իրականացնելու ենք, իրականացնելու ենք մեր հարկատուների հաշվին», - ասաց նա՝ հավելելով. - «Այդ գումարները [Խնայբանկի ավանդները] Հայաստանի Երրորդ հանրապետությունը Հայաստանի Երկրորդ հանրապետությունից չի ստացել»:

Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, հակադարձեց. - «Երբ ընտրությունների ժամանակ խոստում եք տվել ավանդների հարցը լուծել, դուք խոստում եք տվել բոլոր ավանդատուների ավանդների վերաբերյալ, այլ ոչ միայն նպաստառու ավանդատուների»:

Պատգամավոր Արշակ Սադոյանը, իր հերթին հակադարձելով Գագիկ Մինասյանի փաստարկներին, մատուցեց իր հաշվարկները, թե՝ բյուջեից ֆինանսավորվելու դեպքում ավանդները կմարվեն 350 տարվա ընթացքում:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG