Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայտնի ճշմարտություն է՝ երկու գլուխ մեկ կաթսայում չեն եփվի, իսկ մեր արդի ընդդիմության առաջնորդներից որեւէ երկուսի գլուխը մեկ կաթսայում պարզապես չի էլ տեղավորվի», - հայտնի ասացվածքի նոր տարբերակ է մատուցում «Այբ-Ֆե»-ն՝ առաջարկելով քննարկել ընդդիմության համար լավագույն տարբերակը. - «Ենթադրենք, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթն արժանացել է հանրության «ոչ»-ին: Ի՞նչ են անելու մեր ընդդիմադիրներն այդ ժամանակ... Իրար կոկորդ են կրծելու՝ վերջանականապես փոշիացնելով ուժերը. միացյալ ընդդիմության առաջնորդի հավականություններ ունեցող յուրաքանչյուր առաջնորդ իր կուսակցության հետ միասին փորձելու է ներկայացնել, թե հատկապես իր շնորհիվ է հանրաքվեն տապալվել»:

Արձանագրելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը հերթական անգամ շեշտեց իր հավատարմությունը 2007 եւ 2008 թվականների՝ այսինքն հերթական ընտրությունների գաղափարին, եւ դեմ արտահայտվեց «փողոցային» տարբերակներին՝ «Իրավունք»-ը մեկնաբանում է. - «Ըստ էության, Վաշինգտոնի համար [Էվանսը] տեղ է թողում աշխատելու ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության հետ, առավել եւս, որ հայոց ընդդիմությունը դեռ պետք է ապացուցի իր գործունակությունը»:

«Իրավունք»-ի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բացահայտում է. - «Անգամ իշխանական թեւում գտնվող շատ պաշտոնյաներ, թեեւ զգուշավոր, բայցեւ բավականին լուրջ «խաղեր» են սկսել ընդդիմության հետ»:

Գլխավոր դատախազին ուղղված՝ «Երկիր» թերթի ընթերցողների հարցերից մեկը վերաբերում է սահմանադրական քարոզարշավին, որին ակտիվորեն մասնակցում է գլխավոր դատախազի ղեկավարած «Նիգ - Ապարան» հայրենակցական միությունը: «Այդպիսով դուք չե՞ք խախտում Սահմանադրությունը» հարցին Աղվան Հովսեփյանը պատասխանում է. - «Գլխավոր դատախազն իրավունք չունի մասնակցելու քաղաքական գործընթացներին, սակայն դրանից չի հետեւում, որ գլխավոր դատախազը զրկված է նաեւ մասնագիտական կարծիք հայտնելու իրավունքից»:

Արձագանքելով Խորհրդային Միության հին անձնագրերով առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունքից մարդկանց զրկելու՝ իշխանությունների ընդունած որոշմանը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Առավոտ»-ում նկատում է. - «Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր առաջիկայում զրկվելու են ձայնի իրավունքից, մեր իշխանությունների վարած սոցիալական քաղաքականության զոհեր են: Պետությունը նպաստում է ոչ միայն նրան, որ այսօր երկրում տասնյակ հազարավոր քաղաքացիներ ի վիճակի չեն նույնիսկ անձնագիր փոխելու համար գումար վճարել, այլեւ զրկում է նրանց ընտրելու սահմանադրական իրավունքից»: «Իշխանությունների այս նախաձեռնությունը քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման եւ քաղաքացիների տարբերակման դասական օրինակ է», - հայտարարում է Սուրենյանցը:

«Ժողովրդավարության կայացվածության մակարդակով Հայաստանը պետք է համեմատել մերձբալթյան պետությունների, ոչ թե հարեւանների, առավել եւս՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ». - «Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քարոզչությունը ծավալելիս պետք է նկատի ունենանք բնակչության խմբային կամ խավային առանձնահատկությունները», - «Հայոց աշխարհ»-ում ասում է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը՝ պարզաբանելով. - «Ընդունենք, որ գյուղացիության համար այսօր ավելի կարեւոր են իր կենսական խնդիրները: Այս շերտը ավելի էական է համարում իր անձնական խնդիրների լուծումը սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ուստի, գյուղացիության հետ շփվելիս, շեշտը պետք է դրվի այն իրողությունների բացատրության վրա, որոնք անմիջականորեն առնչվում են նրանց իրավունքների պաշտպանությանը. դա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ամրագրումն է սահմանադրական փոփոխությունների փաթեթում, քաղաքացիների սահմանադրական դատարան դինելու իրավասության սահմանումը»:

«Այո-ի հրամայականը ակնհայտ է» վերագրի ներքո ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթում ներկայացված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունը: «Հանրաքվեի «ոչ»-ը ոչ թե «ոչ» է իշխանություններին կամ «այո» ընդդիմությանը, այլ փաստացի «այո» է ներկա քաղաքական արատածին համակարգին՝ դրանից բխող բոլոր վնասակար հետեւանքներով», - ընդգծված է հայտարարությունում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG