Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է, որ խորհրդային անձնագրերով մարդկանց ցուցակներից հանելը հետապնդում է հանրաքվեի «այո»-ն ապահովելու նպատակ


Սահմանադրական փոփոխություններին «ոչ» քարոզող ընդդիմադիրները վստահ են, որ խորհրդային անձնագրերով մարդկանց ընտրացուցակներից հանելու մասին որոշումը ընդունվել է հանրաքվեում «այո»-ն ապահովելու համար անհրաժեշտ ձայների շեմը իջեցնելու նպատակով: Իշխանական թեւի ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, որ ընտրացուցակները պարզապես «մաքրվում են»:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանի կարծիքով, իշխանությունները «հիստերիայի մեջ են»՝ հասկանալով, որ ընդդիմությունը է’լ ավելի է ամրապնդում սեփական դիրքերը:

«Նրանք [իշխանամետ ուժերը] փրփուրներից են կախվում», - ասաց Հարությունյանը: - «Հանրաքվեն անցնելու համար անհրաժեշտ 800 հազար ձայների շեմը կարմին [խորհրդային] անձնագրերի շնորհիվ իջեցնելու գործընթացը դրա վառ վկայությունն է»:

«Ցավում եմ, որ ցուցակները մաքրվում են Հայաստանի քաղաքացիներից: Խոսքը 200-300 հազար կարմիր անձնագրեր ունեցող քաղաքացիներին դուրս թողնելու մասին է: Այդ քաղաքացիները մեղավոր չեն, որ իրենք առ այսօր չունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր»:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը նույնպես կարծում է, որ խորհրդային նմուշի անձնագրերով մարդկանց ընտրացուցակներից հանելը հետապնդում է միայն «այո»-ի համար անհրաժեշտ նվազագույն շեմը իջեցնելու նպատակ:

«Այդ կարմիր անձնագրերը չխանգարեցին իշխանություններին լայնամասշտաբ կեղծելու 2003 թվականի նախագահական ընտրությունները», - ասաց նա: - «Չխանգարեցին նաեւ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Չխանգարեցին նաեւ վերջերս՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում»:

Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, մինչդեռ, այստեղ միայն «ցուցակները կարգի բերելու բարի ցանկություն» է տեսնում:

Նրա համոզմամբ, մարդկանց անունները ընտրացուցակներից պետք է հանվեն նաեւ «օբյեկտիվ» պատճառներով. - «Հիմնականում դրսում են այդ մարդիկ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG