Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ի առաջին էջում ընդգծված է. - «Սեւ օր է Հայաստանում հոկտեմբերի 27-ը: Եվ Աստված գիտե, թե քանի տասնամյակ դեռ այդպիսին կմնա՝ թանձրության այլ երանգ չհանդուրժելով»:

«Ողբերգությունից հետո անցել է 6 տարի, եւ Եռաբլուր եւ Պանթեոն այցելելը դարձել է մի տեսակ ձեւական: Նույնքան ձեւական են հանցագործության չբացահայտված լինելու մասին խոսակցությունները: Որքան էլ այդ խոսակցությունները ճիշտ լինեն, դրանց միշտ կարելի է հակադրվել՝ եթե մի բան հաստատ գիտեք, ասեք: Եթե դրանք պարզապես կասկածներ են, ապա այլեւս չարժե դրա մասին խոսել», - փաստարկում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Միակ հարցը, որն այսօր արդիական է, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «քաղաքական ժառանգների» հարցն է: «Միասնություն» դաշինքը, որը ստեղծել էին այս երկու գործիչները, տիպիկ «իշխանության կուսակցություն» էր, նոմենկլատուրայի, «նաչալնիկների» հավաքածու, ինչպես այսօրվա Հանրապետականն է եւ երեկ չէ առաջին օրվա ՀՀՇ-ն»: «Հոկտեմերի 27-ից հետո, առանց Վազգեն Սարգսյանի ուժային լծակների եւ Կարեն Դեմիրճյանի ժողովրդականության, այդ դաշինքը քանդվեց. առավել պատեհապաշտները փախան ՀԺԿ-ից, քիչ թե շատ պարկեշտները մնացին», - վերլուծում է Արամ Աբրահամյանը՝ շարունակելով. - «Գաղափարները, դրանցից շեղվելը կամ դրանց հավատարիմ մնալն այստեղ կապ չունեն»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ՝ իշխանությունները սենսացիոն որոշում են կայացրել. - «Նրանք որոշել են Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից առաջ ընտրական ցուցակներից հանել բոլոր նրանց, ովքեր ՀՀ քաղաքացու անձնագիր չունեն եւ մինչեւ այժմ որպես անձը հաստատող փաստաթուղթ օգտագործում են խորհրդային անձնագրերը: Որոշ գնահատականներով, այդպիսի անձանց թիվը հասնում է 300 հազարի, որոնցից 200 հազարը՝ Հայաստանում: Նրանց փաստորեն զրկում են քաղաքացիական իրավունքից»: Թերթի մեկնությամբ՝ սա արվում է ընտրացուցակներում ընդգրկվածների ընդհանուր թիվը նվազեցնելու, անհրաժեշտ կողմ ձայների նվազագույն շեմը ցածրացնելու համար: «Կստացվի, որ Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար 800 հազար կողմի փոխարեն ընտրացուցակների զտման արդյունքում Սահմանադրության կոալիցիոն փաթեթը ընդունված կհամարվի 680 հազար կողմ ստանալու դեպքում», - շարունակում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այս մաքրման ընթացքը վկայում է, որ իշխանությունները որոշել են ցուցակներից հանել ռեալ գոյություն ունեցող մարդկանց՝ փոխարենը թողնելով «մեռած հոգիներին»»: «Նման բան չկա եւ չի կարող լինել», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում հակադարձում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Համլետ Աբրահամյանը՝ ավելացնելով. - «Ընտրողների թիվը այս դեպքում էլ մոտավորապես նույնը կլինի, ինչ 2003 թվականի ընտրություններում»:

Այժմեական համարելով հարցը, թե ինչ կլինի, եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով չանցնեն՝ «Գոլոս Արմեննիի» թերթի մեկնաբանը նշում է. - «Առանձնապես սարսափելի ոչինչ տեղի չի ունենա. պազապես մենք ժամանակ կկորցնենք»: «168 ժամ»-ում Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ասում է. - «Թե’ իշխանության, թե’ ընդդիմության կողմում գտնվող մարդիկ անհեթեթ ձեւակերպում են մտցրել, թե այս նախագիծը «մեկ քայլ առաջ է գործողից»: Սա անհեթեթություն է. Սահմանադրությունը «մեկ քայլ առաջ, կես քայլ հետ, երկու քայլ կողմ» բաներ չի կարող ունենալ... Նման եզրակացություն կարող են անել միայն ոչինչ չհասկացողները»:

«Ոչ-ը նույնպես «այո» է, բայց 1995-ից գործող Սահմանադրության օգտին», - ձեւակերպված է «Հայոց աշխարհ»-ում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG