Մատչելիության հղումներ

Կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրեց 2006-ի բյուջեի նախագիծը


Կառավարությունն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց 2006 թվականի պետական բյուջեի նախագիծը: 2006-ի բյուջեի նախագծով եկամուտները կկազմեն 382 միլիարդ դրամ, ծախսեր՝ 451 միլիարդ եւ դեֆիցիտը՝ մոտ 70 միլիարդ։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Ազգային ժողովի նիստերի կիսադատարկ դահլիճում ընթերցեց կառավարության ուղերձը՝ շեշտելով, թե հաջորդ տարվա բյուջեն առավելապես սոցիալական ուղղվածություն ունի ու ծախսերի բոլոր ուղղություններով շոշափելի ավելացում է նախատեսում:

«Վերջին 5 տարում Հայաստանն այլ երկիր է, քան դրանից 5 տարի առաջ էր: Ուզենք դա տեսնել, թե ոչ», - շեշտեց նախարարը:

Պետությունը ծրագրել է զգալիորեն ավելացնել կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի ծախսերը. ուսուցչի աշխատավարձը հասցնել մոտ 58 հազար դրամի, 50 տոկոսով ավելացնել քաղծառայողների բազային աշխատավարձը՝ հունվարի 1-ից սահմանելով 30 հազար դրամ։ Կենսաթոշակները միջին հաշվով կավելանան 2 հազար դրամով, աղքատության նպաստները նույնպես, նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամից կդառնա 15 հազար դրամ։ Ընդ որում, կնվազեցվի աղքատության նպաստ ստանալու նվազագույն շեմը:

Խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով նախագծի քննարկումների ընթացքում պատգամավորները ավելի քան 400 առաջարկություներ են արել, որոնք բյուջեի ծախսային մասում ավելի քան 10 միլիարդ դրամի ավելացում են ենթադրում: Հարցին, թե կառավարությունը որքանո՞վ է հակված բավարարել ադ պահանջը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նիստից հետո պատասխանեց. - «Եթե պատգամավորների առաջարկությունները հաշվի առնենք, ուղղակի վերաբաշխումներ պիտի կատարենք, այլ ոչ թե նոր եկամուտներ ավելացնենք: Եկամուտների ավելացման գծով փոփոխություններ դժվար թե լինեն: Եվ եթե եկամուտները չենք ավելացնում, ծախսերն էլ ես չեմ կարող ավելացնել: Ուղղակի վերաբաշխումների շնորհիվ կփորձենք պատգամավորների առաջարկների գոնե մի մասը բավարարել»:

Վարչապետը պնդեց նաեւ, թե 2006 թվականին Հայխնայբանկի ավանդների փոխհատուցման խնդիրը լուծվելու է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում:

«Խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլեւ քաղաքական, որի լուծման համար ավելի երկար ժամկետ է պետք», ասաց նա: - «Ես վստահ եմ, որ ինչ որ մենք սկսել ենք, հաջորդ կառավարությունները կշարունակեն... Ես վստահ եմ, որ մինչեւ 2015 թվականը այս խնդիրը կլուծենք, որովհետեւ 2015 թվականին ավարտվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ժամկետը»:

Վարդան Խաչատրյանն իր ելույթում հստակեցրեց, որ խորհրդային ռուբլով ավանդների փոխհատուցում կստանան աղքատության ընտանեկան նպաստառուների ցուցակում մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը ընդգրկված սոցիալապես առավել խոցելի անձինք՝ առաջին հերթին 70 տարեկան եւ բարձր կենսաթոշակառուները, ապա՝ 70-ից ցածր կենսաթոշակառուները, հաշմանդամները, հայրենական պատերազմի մասնակիցները եւ այլն։

Դատելով Վարդան Խաչատրյանի այսօր ներկայացրած ինդեքսավորման թվերից, այս երեք շաբաթների ընթացքում կառավարությունը էլ ավելի է նվազեցրել ինդեքսավորման չափը. եթե բյուջեի նախագծի նախնական տարբերակով մինչեւ 10 հազար ռուբլի ավանդի դեպքում կառավարությունը սկզբում խոստանում էր մինչեւ 480 դոլարին համարժեք դրամի փոխհատուցում, ապա, այսօր հրապարակած թվերի համաձայն, այդ գումարը կկազմի ընդամենը 340 դոլար։ Ու դա, ինչպես երեւում է, դեռ սահման չէ, եթե հաշվի առնենք այն արագությունը, որով Կենտրոնական բանկը փոխում է դոլարի փոխարժեքի եկող տարվան վերաբերող կանխատեսումը: Եթե բյուջեի նախնական տարբերակի հիմքում դրված էր մեկ դոլարի 468 դրամ փոխարժեքը, ապա օրերս Կենտրոնական բանկը կառավարությանը նոր փոխարժեք է առաջարկել՝ մեկ դոլարը 420 դրամ։

Ազգային ժողովում բյուջեի նախագծի ներկայացմանն այսօր հետեւեց հարց ու պատասխանը, որը կշարունակվի ուրբաթ օրը հրավիրված արտահերթ նիստում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG