Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ «Առավոտ»-ի խմբագիը նշում է. - «Որեւէ սենսացիա չգրանցվեց՝ վերընտրված կամ նորընտիր համայնքապետերը ներկայացնում են այն քրեավարչական համակարգը, որն իշխում է մեր հանրապետությունում՝ վերից վար, ձախից աջ, Մեղրիից մինչեւ Համզաչիման»: Արամ Աբրահամյանի բնորոշմամբ՝ նորընտիր կամ վերընտիր համայնքապետերը, որպես օրենք, «հարուստ, անգրագետ եւ իշխանությանը քծնող մարդիկ են»: Նրանց մեծ մասը «սերտ կապեր ունի զինվորական վերնախավի, իրավապահ մարմինների, հարկայինի, էլցանցի եւ նման այլ կառույցների հետ եւ, մյուս կողմից, օլիգարխների եւ քրեական տարրերի հետ»: «Եթե նունիսկ ենթադրենք, որ քվեարկությունները անցել են խաղաղ եւ որեւէ տեղ որեւէ խախտում չի արձագրվել, ինչն իհարկե հեռու է իրականությունից, ապա միեւնույն է՝ խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին անիմաստ է», - գտնում է խմբագիրը՝ պարզաբանելով. - «Ընտրողը գնում է տեղամաս՝ եթե դրանից ինչ-որ օգուտ ունի: Այդ օգուտը կարող է լինել փողը, վախը, քաղաքացիական զգացմունքները... Այսօր մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը չի հավատում քաղաքացիական արժեքներին եւ ղեկավարվում է առաջին երկու օգուտներով: Հենց այդ պատճառով էլ մենք ունենք տգետ եւ քրեածին իշխանավորներ»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, ընդհանրացնում է. - «Ակնհայտ են փողատերերի եւ անգամ քրեական հեղինակությունների հաղթարշավի, կուսակցությունների դերակատարության նվազման, ընդդիմության բացակայության, իշխանամետ ուժերի դերակատարության փոքրացման, քաղաքականության մեջ անհատի դերի ուժեղացման միտումները»:
Թերթի բանաձեւմամբ՝ տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները վերածվել են «ոչ թե իշխանության եւ ընդդիմության, կամ էլ ընդհանրապես քաղաքական ուժերի պայքարի, այլ ուղղակի սովորական բիզնեսի ծավալման շահութաբեր ոլորտի»:

«Հետահայաց դիտարկելով մեր Սահմանադրության ստեղծման պատմությունը՝ շարունակ հանդիպում ես նույն անուններին, որոնք 10 տարի առաջ ընդդիմանում էին Սահմանադրության ընդունմանը, իսկ այսօր՝ բարեփոխմանը: Ընդդիմության մեծ մասը այսօրվա կեցվածքով հակասում է ինքն իրեն՝ ակամա պաշտպանելով 1995-ի նախագիծը, որին ինքը կտրականապես դեմ էր», - գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը՝ ներկայացնելով Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանի կարծիքը. - «Իրենք դեմ էին ե’ւ նրան, ե’ւ սրան:10 տարի հետո նորից դեմ կլինեն, եթե լրիվ նոր Սահմանադրություն առաջարկվի: Եթե հնին դեմ են, չի նշանակում, թե նորին կողմ են: Իրենց ամբողջ հայեցակարգը դեմ լինելն է»:

«Գլխավոր քաղծառայողի բիզնեսը» վերնագրի ներքո «Առավոտ»-ն ընդգծված մատուցում է. - «Վերջերս մտավորականության բողոքն առաջացրած Կամերային երաժշտության տան մոտակայքում կառուցվող զվարճանքի վայրերի իրական տերը Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն է»:

Արձագանքելով Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որն ասաց, թե դիմելու է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին «խորհրդարանի շենքում աղոթատեղի հատկացնելու համար, իսկ հետո կարելի է նաեւ Ազգային ժողովի տարածքում մի փոքրիկ մատուռ հիմնել»՝ «Հայկական ժամանակ»-ը տարակուսում է. - «Չնայած պատգամավորի առաջարկը շատ լուրջ է, սակայն մնում է պատկերացնել այն տեսարանը, թե ինչպե՞ս է կոճակ սեղմելու հրահանգը կատարած խորհրդարանական մեծամասնությունը հերթ կանգնում մատուռում մոմ վառելու եւ սեփական մեղքերին թողություն տալու համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG