Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. - «Զգացվում է, որ միջնորդները շտապում են»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում տեսակետ հայտնեց, թե 2006 թվականին կարող է լուրջ դրական տեղաշարժ արձանագրվել ղարաբաղյան համակարտության խաղաղ բանակցություններում:

«Գուցե միջազգային միջնորդները գտնում են, որ ժամանակի տեսակետից հարմար պահ է», - ասաց Ղուկասյանը: - «Որովհետեւ Ադրբեջանում ավարտվում են պառլամենտական ընտրությունները եւ... չկան ընտրություններ 2006 թվականի ընթացքում ո’չ Ղարաբաղում, ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում, ո’չ Ռուսաստանում, ո’չ Միացյալ Նահանգներում»:

Շարունակելով՝ Արկադի Ղուկասյանը ասաց, թե «զգացվում է, որ միջնորդները շտապում են»: Նա հավելեց, թե դժվարանում է միանշանակ ասել, թե կա հիմք լավատեսության համար, քանի որ չբացառեց քաղաքական կոնյունկտուրայի դերակատարությունը. - «Քանի որ Ադրբեջանը դրսեւորում է ավելի կոնստրուկտիվ մոտեցումներ՝ հաշվի առնելով պառլամենտական ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացության անհրաժեշտությունը»:

«Իհարկե, դրական եմ համարում, որ Ադրբեջանը այսօր խոսում է Ղարաբաղի կարգավիճակի մասին, չի խուսափում քննարկումներից», - ասաց Ղուկասյանը: - «Այսօր կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը գուցե պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դաշտում աշխատել: Ինչ վերաբերում է այդ կոնստրուկտիվիզմի աստիճանին՝ բավարա՞ր է լինելու այդ կոնստրուկտիվիզմը հարցի կարգավորման համար, ես, իհարկե, դժվարանում եմ պատասխանել: Մյուս կողմից, ես իրոք համոզված եմ, որ միջազգային հանրությունը շտապում է արագացնել այս հարցի կարգավորման պրոցեսը»:

Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցին՝ Ղուկասյանը ասաց. - «Երեւի ճիշտ չի լինի ասել, որ Լեռնային Ղարաբաղը այսօր ընդգրկված չէ ընդհանուր պրոցեսի մեջ, քանի որ մեր կողմից չկա ակտիվ բանակցային պրոցես Մինսկի խմբի շրջանակներում. կան հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Մյուս կողմից, Մինսկի խմբի համանախագահները երբ այցելում են ռեգիոն, անպայման գալիս են նաեւ Լեռնային Ղարաբաղ: Այսինքն՝ մեզ հետ բանակցում են. անուղղակի՝ բայց բանակցում են»:

Խոսելով բանակցությունների ձեւաչափի մասին (Ադրբեջան – Հայաստան)՝ Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. - «Ես համարում եմ, որ դա ստիպված քայլ է միջազգային հանրության կողմից, քանի որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է ուղիղ կոնտակտներից Լեռնային Ղարաբաղի հետ»:

«Իմ կարծիքով, սա լուրջ խոչընդոտ է պրոցեսի համար», - շարունակեց նա: - «Այս ֆորմուլան, որ Ղարաբաղը պետք է մի քիչ ավելի ուշ միանա բանակցային պրոցեսին, ինձ համար անհասկանալի է... Ես համարում եմ, որ ե’ւ Հայաստանը, ե’ւ միջազգային հանրությունը ստիպված են գնում այս ֆորմատին՝ հաշվի առնելով Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքը այս հարցի վերաբերյալ»:

Ղուկասյանը ընդգծեց, որ «եթե Ադրբեջանը բանակցում է միայն Հայաստանի հետ, Ադրբեջանը ձգձգում է պրոցեսը, իսկ եթե Ադրբեջանը բանակցում է Ղարաբաղի հետ, ուրեմն Ադրբեջանը պատրաստ է կարգավորման»: «Որովհետեւ բանակցելով Հայաստանի հետ, ընդգծելով այդ ֆորմատը՝ Ադրբեջանը փորձում է հասնել իր հիմնական նպատակին. մեղադրել Հայաստանին ագրեսիայի մեջ՝ հույս ունենալով, որ սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի դեմ», - փաստարկեց նա:

«Ադրբեջանում կա, իմ կարծիքով, աբսուրդային կարծիք, որ եթե Ադրբեջանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի հետ, սա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք շատ ավելի լուրջ արգումենտներ ունենք մեր անկախության, քան Ադրբեջանի հետ բանակցությունները», - եզրափակեց լեռնային Ղարաբաղի նախագահը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG