Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկ. «Ես վերահաստատում եմ այն ամենը, ինչ ասել եմ»


Աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկը արժանացել է Գրահրատարակիչների գերմանական ընկերակցության 2005 թվականի Խաղաղության մրցանակին:

Եվրոպական մամուլը գերմանական այդ հեղինակավոր մրցանակի եւ դրա այս տարվա դափնեկրի ցանկացած հիշատակում կապում է դեկտեմբերին Օրհան Փամուկի նկատմամբ Թուրքիայում կայանալիք դատավարության հետ:

Ֆրանկֆուրտում մրցանակը ստանալուց առաջ թուրք գրողը խախտեց ավելի քան վեցամսյա լռությունը:

«Վերջին քաղաքական իրադարձությունը, որ ինձ հետ պատահեց, շվեյցարական թերթին տված հարցազրույցս էր, որում ես ասացի, թե Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ», - լրագրողներին ասել էր Փամուկը: - «Ես նաեւ պնդել է, թե սրանք թեմաներ են, որոնց մասին նորմալ կերպով այսօր Թուրքիայում հնարավոր չէ խոսել: Կարծում եմ, որ ցանկացած ոք, ով ապրում է Թուրքիայում, բաց կերպով պետք է կարողանա քննարկել այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան կայսրությունում»:

Թուրքական պետության վարկին վնաս հասցնելու մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը Փամուկը բնութագրում է որպես հավելյա խոչընդոտ Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին:

«Ես վերահաստատում եմ այն ամենը, ինչ ասել եմ: Ավելին՝ ես վերահաստատում եմ իմ տեսակետները բարձրաձայնելու իրավունքը», - հայտարարել է նա:

Թեեւ Թուրքական կառավարությունը, մասնավորապես արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հավաստիացրել են, թե դատարանը աշխարհահռչակ գրողին չի բանտարկի, խնդրի շուրջ նյարդային մթնոլորտը պահպանվում է:

Բրիտանական «Ոբզերվըր»-ի դիպուկ դիտարկմամբ, Փամուկը կարծես կրկնում է իր ամենահայտնի վեպերից «Ձյան» հերոսի ճակատագիրը՝ «ակամա դառնալով քաղաքական գործիչների սկսած մեծ խաղի անմեղ զոհը»:

Օրհան Փամուկը այս տարի գրականության ասպարեզում 2005 թվականի Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդների թվում էր: Մրցանակը, ի վերջո, շնորհվեց անգլիացի արձակագիր եւ սցենարիստ Հարոլդ Փինթերին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG