Մատչելիության հղումներ

Դավիթ Լոքյան. «Հայաստանում չկա թռչնի գրիպի որեւէ դեպք»


Երկուշաբթի երեկոյան Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են թռչնի գրիպի վարակից Հայաստանը, իսկ Հայաստանում թռչնի միս արտադրողներին՝ հնարավոր վնասներից զերձ պահելուն վերաբերող հարցեր:

Նախարարը հենց խորհրդակցության ընթացքում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ մինչեւ այսօր Հայաստանում չկա թռչնի գրիպի որեւէ դեպք:

Նախարարի փոխանցմամբ, սահմանային հսկիչ կետերում ձեռնարկված են միջոցներ, որ վիրուսակիր կենդանի թռչուններ կամ հիվանդ թռչնամիս չներկրվի Հայաստան. - «Փակված է վտանգավոր երկրների թռչնի մսի եւ կենդանի թռչունի ներկրումը Հայաստան»:

Հարցին, թե կարո՞ղ է վարակակիր հանդիսանալ թռչնի միսը, Դավիթ Լոքյանը պատասխանեց. - «Այսօր այնքան հակասական բացատրություններ են տրվում այս հարցի վերաբերյալ, որ մենք, ելնելով առավելագույն ապահովությունից, արգելել ենք այն»:

Դիտարկմանը, թե չի բացառվում, որ գյուղաբնակները թաքցնեն թռչունների մահացության դեպքերը՝ վախենալով, որ կվերացվեն իրենց բոլոր թռչունները, նախարարը հակադարձեց. - «Վերջին 15-20 օրում կենտրոնական լաբորատորիա սատկած թռչուններ բերվում են անսահման քանակով: Եթե առաջ չկար այդ պրակտիկան, այսօր ցանկացած գյուղացի, եթե ունի այդպիսի դեպք իր մոտ, անմիջապես բերում է լաբորատորիա»:

Լոքյանը հավաստիացրեց, որ առայժմ լաբորատորիան թռչնի գրիպի վիրուս չի հայտնաբերել:

Խորհրդակցության մասնակիցներից հայաստանյան ամենախոշոր թռչնարտադրողներից «Մաքս կոնցեռն»-ի (որին պատկանում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան) տնօրեն Արմեն Վարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք նախարարին առաջարկում են տարբեր նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծել հատուկ հանձնաժողով, որը «կաշխատի այդ ուղղությամբ, վերահսկողություն կիրականացնի սահմաններում եւ համապատասխան տեղեկատվությամբ կապահովի թռչնարտադրողներին ու սպառողներին»:

Վարյանը հավաստիացրեց նաեւ, որ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում վերջին շրջանում թռչունների մահացության դեպքերը չեն ավելացել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG