Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 15-ը հոկտեմբերի)

«Առավոտ»-ի տեղեկացմամբ, երեկ Ապարանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված բոլոր երեք թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Համաձայն «Ընտրական օրենսգրքի», Ապարանում հոկտեմբերի 23-ին սպասվելիք քաղաքապետի ընտրությունները կհամարվեն չկայացած, իսկ նոր ընտրությունները, մարզպետի համապատասխան որոշմամբ, կկայանան 30 օր անց՝ նոյեմբերի 22-ին: «Ըստ մեր աղբյուների», - գրում է «Առավոտ»-ը, - «մրցակից թեկնածուների համատեղ այս ակցիայի առիթը դարձել էր նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հրավիրված «ապարանյան սխոդկան»»:
«Հայկական ժամանակ»-ը թեկնածուների ինքաբացարկները գնահատում է որպես «դեմարշ ընդդեմ Աղվան Հովսեփյանի»:

«Առավոտ»-ում տպագրված է Գյուրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ զինկոմիսարիատի հաշվառման թերթիկի հիման վրա պաշտոնապես տրված տեղեկանքը: Ըստ այդմ՝ «զինապարտ Վարդան Կոլյայի Ղուկասյանը Զինված ուժերից զորացրվել է հիվանդության՝ «պսիխոպատիա» ախտորոշմամբ»: «Առավոտ»-ը հիշեցնում է, որ վերջերս քաղաքապետը իրեն ամրակցված զենքով կրակել է Գյումրիի մարդաշատ վայրում. - «Օրերս էլ հայտնի դարձավ, որ նա որոշել է զրպարտության մեղադրաքնով դատի տալ «168 ժամ» շաբաթաթերթի լրագրող Արման Գալոյանին»: «Նկատի ունենալով հայ իրականությունը՝ կարելի է միանգամայն բնական համարել, որ Վարդան Ղուկասյանի դիմունը հարգվել էր, բայց մյուս կողից առնվազն տարօրինակ է, երբ իրավապահ համակարգը աչք է փակում ու հանդուրժում է, որ փաստաթղթով «պսիխոպատը» ընդհանրապես զենք կրի», - գրում է թերթը: Հասկանալի համարելով, թե ինչու են հայրենի իրավապահները այդքան ներողամիտ նրա հանդեպ՝ «Առավոտ»-ն ընդգծում է. - «Որովհետեւ նա ոչ միայն Գյումրիի քաղաքապետն է, այլեւ ՀՀ իշխանությունների հովանավորյալը: Բնական է, որ այս դեպքում նա միանգամայն հանգիստ կարող է «Գյումիի օրվա» կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ «ՏՏ» տիպի ատրճանակը կողքից կախած պար գալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:

«Չեմ բացառում, որ մեր քարոզչությունը ճյուղավորված լինի. հանրապետության տարածքը բաժանենք այնպես, որ մեկը մյուսին իր քարոզչությամբ չխոչընդոտի եւ յուրաքանչյուրն իր գործն անի», - «Հայոց աշխարհ»-ում ուրվագծում է Արշակ Սադոյանը: - «Հիմա ընդդիմադիր դաշտում ձեւավորվել են իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն տապալելու մի քանի ուղղություններ: Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ակտիվ բոյկոտի կողմնակիցներ են, մյուս մասը՝ որ բնակչությունը մասնակցի եւ ուղղակի «ոչ» ասի»: Ներկայացնելով իր կուսակցության՝ ԱԺԴ-ի տեսակետը՝ Սադոյանը ասում է. - «Մենք երրորդ ուղղությունն ենք ներկայացնում, որ պետք է բովանդակությունը մարդկանց ներկայացնել ու հիմնավորել, որ դրա օգտին չքվեարկեն»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը փոխանցում է հանրաքվեի կոալիցիայի քարոզարշավի շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանի կարծիքը. - «Հանրաքվեի կարեւորությունը մեր երկրի համար ե’ւ ներքին, ե’ւ արտաքին քաղաքականության տեսանկյունից բոլորիս համար ակնհայտ է: Նույնիսկ մեր ընդդիմադիր գործընկերներն են ընդունում, որ նախագիծը քայլ առաջ է», - նկատում է Մհեր Շահգելդյանը՝ նշելով. - «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը մի կարեւոր խնդիր է: Մյուս կարեւոր խնդիրը հանրաքվեի՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն է»:

«Գոլոս Արմենիի» թերթի գնահատմամբ՝ կոալիցիայի շտաբի պետի ընտրությունը ընդգծում է այն մեծ պատասխանատվությունը, որը դրվում է խորհրդարանի նախագահի կուսակցության վրա՝ այն հանրաքվեի նախաշեմին առաջատար դիրք մղելով քարոզչական աշխատանքներում:


«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների վկայությամբ, Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջ պայման են դրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին փաստաթուղթը պետք է ստորագրվի 2006 թվականի ընթացքում: «Ըստ որոշ տեղեկությունների, Քոչարյանն ու Ալիեւը համաձայնել են այդ պայմանին», - գրում է թերթը: - «Մեր աղբյուրները պնդում են նաեւ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկու կողմերին խոստացվել են ներդրումներ եւ ուղղակի օգնություն»: «Իրադարձությունների նման զարգացման պարագայում սպասվում է, որ տարբեր խողովակներով Հայաստան եւ Ադրբեջան կներհոսի շուրջ տասը միլիարդ դոլար: Միջազգային հանրությունը չի մոռացել նաեւ երկու նախագահների անձնական խրախուսանքների մասին», - շարունակում է իր տեղեկությունները շարադրել «Հայկական ժամանակ»-ը: - «Բացի այն, որ նրանց խոստացվում են անվտանգության ցմահ երաշխիքներ, նաեւ խոսք կա այն մասին, որ Քոչարյանն ու Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման գնալու պարագայում կարժանանան Խաղաղության նոբելյան մրցանակի»:

«Աշտարակի մայրուղու եզրին գտնվող այս ապարանքը հելլենիստական դարաշրջան կառույց չէ», - առաջին էջում պատկերված լուսանկարի մասին գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: Ըստ թերթի, սա «Եվրոշինանյութ» ընկերության «տերուտիրական, Արագածոտնի միլպետի աներձագ Սերգեյի առանձնատուն է»: «Սերգեյը սիրում է հելլենիստական արձաններ եւ չի սիրում, որ իրենից բացի որեւէ մեկը Հայաստան եվրոպական շինանյութ ներկրի», - ներկայացնում է թերթը՝ արձանագրելով. - «Երկու դեպքում էլ նրա նախասիրություններն իրականություն են դառնում... Ապարանքը զարդարված է մոտ 80 արձաններով, իսկ շինանյութ ներկրողները հաճախ հենց մաքսակետերում ստիպված են լինում իրենց ապրանքը վաճառել «Եվրոշինանյութ»-ին»:

«Ազգ» օրաթերթը փոխանցում է, որ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի տեղեկացմամբ՝ վերջերս արտգործնախարարության հրավերով Հայաստան այցելած Շարժայի էմիրը Հաղարծինի համալիրի եւ ճանապարհի նորոգման համար նվիրաբերել է 5 միլիոն դոլար:

«Առավոտ»-ի խմբագիրը կանխատեսում է, թե ինչ է գրելու մամուլը 2020 թվականին. - «Նախագահական նստավայրից հայտնում են, որ ՀՀ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Իվանկովին (Յապոնչիկին)... Գրիգոր Ամալյանի անվան մամուլի եւ տեղեկատվության ազատության ինստիտուտում տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի հերթական ասուլիսը... Խուճուճ Էդոյի անվան բարձր տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Իշխանության սադրանքները Արտաշես Գեղամյանի դեմ» Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը իր նոր «Ղուրբան ըլնեմ ազգիս» երգով... Եվ վերջապես, երեկոյան սենսացիոն լուր ստացանք Էջմիածնից», - 2020 թվականի երեւակայան լուրերը եզրափակում է Արամ Աբրահամյանը.- «Գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ողջ օրվա ընթացքում ոչ մեկի չէր ծեծել: ԵԿՄ լրատվական բաժնից հաստատեցին այդ լուրը եւ կատարվածը բացատրեցին գեներալի վատառողջ լինելով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG