Մատչելիության հղումներ

Նոր ճգնաժամ ռուս-վրացական հարաբերություններում


Ռուսաստանի պատվիրակությունը չի մեկնում Վրաստան, որտեղ այսօր եւ վաղը պետք է տեղի ունենար երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Եվգենի Իվանովը լրագրողներին ասել է, որ այցը հետաձգվում է, քանզի Վրաստանի խորհրդարանի` հոկտեմբերի 11-ին ընդունած բանաձեւն «անբարենպաստ մթնոլորտ է ստեղծել»: Վրաստանի օրենսդիրներն այդ բանաձեւով ռուսներին մեղադրել են Աբխազիայի եւ Հարավային 0սիայի անջատողականներին աջացելու համար եւ պահանջել են, դիրքորոշումը չփոխելու դեպքում, հակամարտության գոտիներից դուրս հանել խաղաղապահներին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բանաձեւը որակել է որպես սադրանք, իսկ Պետական դուման արծարծել է Վրաստանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու խնդիրը:

«Վրեմյա նովոստեյ» պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանը Վրաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է: Միջկառավարական հանձնաժողովի չկայացած նիստի օրակարգում էներգետիկայի, գազի մատակարարման, տրանսպորտի եւ մաքսային ծառայության աշխատանքին առնչվող հարցեր էին:

Նիստից զատ պետք է տեղի ունենար Վրաստանի եւ Ռուսաստանի գործարարների հմաժողով: Առաջին այդպիսի միջոցառումը տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին: Այդ համաժողովից հետո ծագումով վրացի ռուսաստանցի մեծահարուստ Կախա Բենդուկիձեն ստացել էր Վրաստանի տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ:

Ռուսները, այսպիսով, չեն մեկնել Թբիլիսի: Վրաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին, ի պատասպան, հայտարարել է, որ չի մեկնի Մոսկվա, որտեղից ստացել է հոկտեմբերի 18-20-ին կայանալիք հակաահաբեկչական հարցերով խորհրդաժողովին մասնակցելու հրավեր:

"Ռուսները մեզանից վիրավորվել են: Բայց դա կանցնի», - ասել է Գաբաշվիլին: - «Դուք էլ փորձեք հարցին մեր տեսանկյունից նայել՝ մեզանից խլում են երկու տարածք՝ Աբխազիան եւ Հարավային 0սիան, եւ այնտեղ գտնվող խաղաղապահները դրան, փաստորեն, նպաստում են: Ինչքա՞ն կարող ենք հաշտվել դրա հետ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG