Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանությունը սկսել է բանակցություններ վարել Բելառուսի ներքին գործերի նախարարության հետ՝ այդ երկրից «ռետինե մահակներ, ռետինե գնդակներ, արցուքաբեր գազեր եւ կծիկավոր փշալարեր ստանալու ուղղությամբ»:

«Ընդդիմությունը հանրաքվեն դիտարկում է որպես «գունավոր» հեղափոխության վերջին փայլուն հնարավորություն: Համաձա՞յն եք նման մոտեցմանը». - «Հայոց աշխարհ»-ի այս հարցադրմանը Սուրեն Զոլյանը պատասխանում է. - «Սա ծուղակ է, մոլորություն: Եթե նրանք համոզված են, որ ճիշտ ուղու վրա են, հենց այս Սահմանադրությանը «այո» ասելով է, որ կարող են հասնել իրենց նպատակին, այսինքն՝ ժողովրդին ազատել ոչ ժողովրդավարական իշխանություններից եւ հաստատել ավելի դեմոկրատական իշխանություն»:

«Հայկական ժամանակ»-ի հայացքով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ էլի մի շարք օտարերկրացի գործիչներ ու դիվանագետներ քարոզչություն են իրականացնում ՀՀ Սահմանադրության բարեփոխումների փաթեթի օգտին: «Ամբողջ խնդրին այն է, սակայն, որ «Հանրաքվեի մասին» օրենքը օտարերկրյա քաղաքացիներին արգելում է նման քարոզչությամբ զբաղվել, եւ այդօրինակ քարոզչությունը օրենքի կոպիտ խախտում է», - ընդգծված է թերթում:

«Առավոտ»-ի դիտարկմանը, թե՝ ի թիվս Հայաստանում հավատարմագրված դեսպանների, Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը նույնպես հայտարարում է, թե հարկավոր է սպասել 15 ամիս, այսինքն՝ հերթական ընտրություններին եւ որ իր համար պարզապես անհասկանալի կլինի, եթե հայաստանյան ընդդիմությունը «ոչ» ասի Սահմանադրությանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Իրենք կարող են 15 ամիս սպասել, Հայաստանի քաղաքացիները չեն կարող այդ 15 ամիսը սպասել: Եվ հետո պատկերացրեք, որ սահմանադրական հանրաքվեն անցնում է այն կարգի խախտումներով, ինչ-որ մինչեւ հիմա տեղի է ունեցել: Ես չեմ կարծում, որ այդ խախտումների պարագայում Ջոն Էվանսը գովելու է այս իշխանություններին»: Անդրադառնալով իշխանությունների կողմից կրկին ուժ կիրառելու հնարավորությանը՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը շեշտադրում է. - «Ազդեցությունը հակազդեցություն է ենթադրում նաեւ ու՝ համարժեք»:

«Եվ ընդդիմության մեղքն է, որ կառավարությունը կարողացավ կազմակերպվել, իսկ ընդդիմությունը չկարողացավ տարրական համաձայության գալ եւ գոնե իրար չխանգարել առանձին ընտրություններում, - ասել է Ռաֆայել Ղազարյանը 10 տարի առաջ 1995 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի նախաշեմին», - հիշեցնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը՝ շաղկապելով, թե այս խոսքերն արդիական են եւ կարծես մեր օրերին են վերաբերում: «Թվում է, թե 10 տարվա ընթացքում մի բան պիտի փոխված լիներ», - գրում է թերթը: - «2003-ին պիտի ուղղեին 1995-ի թույլ տված սխալը՝ առանձին-առանձին չգնային ընտրությունների, բայց գնացին: Պիտի մասնակցեին սահմանադրական գործընթացին, բայց չմասնակցեցին: 10 տարի հետ էլ նրանք նույն են՝ ՍԻՄ, ԱԺՄ, ՀԴԿ, ՀԿԿ, ԳիԱրՔՄԻ.. Եվ իրենց տեղում են գուցե հենց սեփական սխալներից դասեր չքաղելու պատճառով»:

«Ազգ»-ի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, այն անվանել է «նախնական պատկերացում ղարաբաղյան հիմնախնդրի մասին»՝ միաժամանակ չժխտելով, որ դրանում կան նաեւ դրական երանգներ: Անդրադառնալով Ադրբեջանում տիրող նախընտրական կացությանը՝ Աշոտ Ղուլյանը նշել է. - «Տվյալ իրավիճակը համապատասխանում է ղարաբաղյան կողմի ակնկալումներին: Սպասվում էր, որ նախընտրական քարոզարշավը Ադրբեջանում կընթանա խախտումներով, եւ ինչքան ավելի մոտենան ընտրությունները, այնքան դրությունը ավելի կլարվի հարեւան հանրապետությունում»: Նրա գնահատմամբ, Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները «բնավ համադրելի չեն Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններին», եւ ընտրությունների ընթացքին հետեւող միջազգային դիտորդների համար «առավել տեսանելի կդառնա ժողովրդավարության բուն վիճակը Ադրբեջանում»:

«Առավոտ»-ում մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի երկրորդ զեկույցը, Հայաստանի առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, ով այն տարիներին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններին, ասում է. - «Փաստաթուղթը իրատեսական է եւ հավասարակշռված՝ ի տարբերություն նախորդ զեկույցի: Դա մի փաստաթուղթ է, որում նշված է Լեռնային Ղարաբաղի ճանապարհը դեպի անկախություն, հստակորեն ճանաչվում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ հաստատվում է նրա՝ ինքնուրույն գործոն լինելը»:

«Ազգ»-ի մեկնաբանը, նշելով, թե այսօր Ստեփանակերտի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում բնակչության մոտավոր թիվ են ներկայացնում 145 հազարը՝ այնքան, որքան 1989 թվականին, մտահոգվում է. - «Եթե իրոք առաջիկա 10-15 տարիներին հայկական պետությունը շարունակի անտարբեր մնալ Ղարաբաղի ժողովրդագրության հանդեպ, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվերով լուծելու տարբերակը ողբերգական հետեւանքներ կունենա... Ղարաբաղում հնարավոր հանրաքվեին պետք է մասնակցի նաեւ նախկին ԼՂԻՄ ադրբեջանցի բնակչությունը: Եթե 1989 թվականին նրանց թիվը 45-50 հազար էր, ապա հավանական չէ՞, որ այսօր նրանք արդեն 80-90 հազար են, իսկ 2020-ին լինեն ավելի քան 150 հազար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG