Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել ինքնորոշման հանրաքվեով


Միջազգային ճգնաժամային խմբի ( International Crisis Group)՝ Բրյուսելում այսօր հրապարակած «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության ծրագիր» զեկույցում զետեղված է խնդրի կարգավորման մի քանի տասնյակ՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող, առաջարկների փաթեթ:

Ըստ այդ առաջարկների, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ընդունվում է հանրաքվեով, իսկ մինչ այդ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ է ունենում. կառավարող մարմիններն ընտրվում են միջազգային վերահսկողության պայմաններում:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է ընդունվի ինքնորոշման հանրաքվեի արդյունքում», - ասվում է զեկույցում:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները առաջարկում են հետեւյալ սխեման. - «Հանրաքվեն պետք է անցկացվի ադրբեջանցիների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որտեղ նրանք նախկինում մեծամասնություն էին: Հանրաքվեից առաջ միջազգային համաժողով պետք է հրավիրվի, որն էլ պիտի որոշի, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը միջազգային չափանիշներով պետության նախապայմաններին բավարարում է՝ այդ թվում եւ փոքրամասնությունների իրավունքները հարգելու առումով»:

Նման առաջին զեկույցը պետք է արվի խաղաղության համաձայնագրի կնքումից հինգ տարի անց: Հանրաքվեն պետք է Լեռնային Ղարաբաղին ընտրության լայն հնարավորություն տա, ներառյալ՝ միացումն Ադրբեջանին կամ անջատումը նրանից:

Հանրաքվեին պետք է մասնակցեն բացառապես Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները: Հանրաքվեի անցկացման կոնկրետ եղանակը եւ մանրամասները պետք է համաձայնեցվեն ԵԱՀԿ նախագահությամբ բանակցություններում եւ այն սկզբունքով, որ բոլոր կողմերը պիտի ճանաչեն հանրաքվեի արդյունքը:

Միջազգային ճգնաժամային խումբն այսօր Բրյուսելում հրապարակած իր զեկույցում սրանցից բացի, մի քանի տասնյակ այլ կետերից բաղկացած կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ. - «Հակամարտության կողմերը պետք է հարգեն 1994 թվականի զինադադարը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին վերջ տան՝ զսպելով պաշտպանական բյուջեների մեծացումը»:

Ադրբեջանը, ըստ զեկույցի, պետք է վերականգնի ուղիղ հաղորդակցությունը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, նպաստի, որ Ղարաբաղի ադրբեջանցիներն ու հայերը ավելի սերտ շփումներ ունենան:

«Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները պետք է դադարեցնեն նախկինում մեծավ մասամբ ադրբեջանցիներով բնակեցված տարածքների վերաբնակեցումը հայերով: Պետք է դադարեցնեն նաեւ հողի, բնակարանների եւ արտադրական ենթակառույցների սեփականաշնորհումն այդ տարածքներում», - առաջարկում են խմբի փորձագետները: - «Դադարեցնեն տեղական իշխանությունների ձեւավորումը Լեռնային Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքներում... Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին քաջալերի, որպեսզի վերջիններս խնդրի կարգավորման հանդեպ առավել փոխզիջումային դիրք բռնեն»:

Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ կողմերը պետք է համաձայնագիր ստորագրեն, թե «բացառում են ուժի գործադրմամբ խնդրի լուծումը». - «Համաձայնագրի կիրառումն ապահովելու համար ԵԱՀԿ նախագահությամբ հանձնաժողով է ստեղծվում, որտեղ ներկայացուցիչներ կլինեն Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից»:

Առաջարկությունների թվում է նաեւ Հայաստանի աջակցությունը վայելող ղարաբաղյան ուժերի աստիճանական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի հարակից բոլոր գրավյալ տարածքներից՝ սկսելով հինգ շրջաններից եւ զուգահեռաբար այնտեղ միջազգային խաղաղապահներ տեղակայելով. - «Մռավի լեռնանցքում անվտանգություն հաստատելուց հետո Հայաստանի աջակցությունը վայելող ղարաբաղյան ուժերի դուրսբերում Քելբաջարից: Լաչինի միջանցքով հաղորդակցության անվտանգության շուրջ պայմանագիր կնքելուց հետո՝ ուժերի դուրսբերում Լաչինի շրջանից»:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները դրանից հետո Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են հետաքննել պատերազմական հանցագործությունները թե’ պատասխանատվության, թե’ օրենքով ներում շնորհելու կտրվածքով: Առաջարկում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու համատեղ հանձնաժողով ստեղծեն. մեկը՝ քաղաքական, մյուսը՝ միջպետական սեփականության եւ փոխհատուցման հարցերով:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիության Նախարարների խորհուրդը պետք է լինեն խաղաղության պայմանագրի երաշխավորները, իսկ Եվրամիությունը՝ շատ ավելի ակտիվացնի իր դերը տարածաշրջանում, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխվստահության աճի համար երկարաժամկետ ծրագրեր ունենա այս երկու երկների հետ», - ասված է զեկույցում, ուր նաեւ կոնկրետ առաջարկություններ կան հասարակությունների միջեւ փոխադարձ վստահություն առաջացնելու եւ շփումները սերտացնելու շուրջ:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG