Մատչելիության հղումներ

Ամերիկացիները ձերբակալել են չեխ գործարարի, որը ապօրինի գործարքներ է իրականացրել Ադրբեջանում


Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները ձերբակալել են երեք կասկածյալների, որոնք մեղադրվում են Ադրբեջանում նավթային բիզնեսի ներկայացուցիչներին կաշառքներ առաջարկելու, փողերի լվացման եւ ապօրինի այլ գործարքների մեջ:

Ծագումով չեխ գործարար Վիկտոր Կոժենիին FBI-ի գործակալները չորեքշաբթի օրը ձերբակալել են Բահամյան կղզիներում, իսկ ամերիկացիներ Ֆրեդերիկ Բուրքն ու Դեյվիդ Փինքերթոնը երեկ Նյու 3որքում կամավոր ներկայացել են ոստիկանություն:

Ըստ իրավապահների, 90-ականների վերջին Կոժենին միլիոնավոր դոլարներ է փոխադրել Ադրբեջան, որտեղ փորձել է կաշառել նավթային սեկտորի ազդեցիկ գործիչներին եւ գնել նավթային օբյեկտների բաժնետոմսեր: Կոժենին ենթադրել է, որ կաշառքի դիմաց ադրբեջանցիները կմասնավորեցնեն Նավթային պետական ընկերությունը, ինքը ձեռք կբերի ընկերության մասնավորեցման վաուչերները եւ կհարստանա այն ժամանակ, երբ նավթային բիզնեսի զարգացմանը զուգընթաց բորսաներում կաճի բաժնետոմսերի գինը:

Ըստ ամերիկացի իրավապահների, ադրբեջանցի պաշտոնյաները վերցրել են կաշառքը, սակայն պետական նավթային ընկերությունը չի մասնավորեցվել: Ամերիկացի իրավապահները ադրբեջանցի որեւէ չինովնիկի անուն չեն նշում:

Երեք կասկածյալներն ամերիկյան օրենքներով կարող են դատապատվել մինչեւ 20 տարվա ազատազրկման եւ կես միլիոն դոլար տուգանքի: Փինքերթոնն ու Բուրքը քննիչներին ասել են, թե երբեւէ ապօրինի գործարքների չեն դիմել եւ, իբր, դարձել են Կոժենիի խարդախության զոհը:

42-ամյա Կոժենիի փաստաբանը, իր հերթին, ասել է, թե համոզված է, որ իր պաշտպանյալին կազատեն, քանի որ «նա անմեղ է»:

Չեխական մամուլը նշում է, որ Կոժենին օրենքի հետ լուրջ պրոբլեմներ է ունեցել նաեւ Չեխիայում, որտեղ իր անվան հետ կապված են ապօրինի գործարքներ եւ սկանդալային այլ պատմություններ: Չեխ մեկնաբանների գնահատմամբ, Կոժենին «խելացի, խորամանկ եւ վտանգավոր սպեկուլյանտ է»:

Վերջին 6 տարիները նա անցկացրել է Բահամյան կղզիներում գտնվող շքեղ առանձնատանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG