Մատչելիության հղումներ

Վան Բայբուրդյան. «Ընդհարումը Ջավախքում քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի»


Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը հաստատել է, որ չորեքշաբթի օրը Ախալքալակում ընդհարում տեղի ունեցել հայերի եւ վրացական ժանդարմերիայի միջեւ, որը շարունակվել է մի քանի ժամ:

«Պետք է լրիվ պատասխանատվությամբ հայտարարեմ, որ կրակոցներից վիրավորվածներ չկան, կան ծեծվածներ: Սա Ախալքալակի շրջանի ժանդարմերիան է, որը հարյուր տոկոսով համալրված է տեղի հայերով: Ախալքալակում տեղի ունեցած ընդհարումը քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի», - չորեքշաբթի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Բայբուրդյանը:

«Հիմա բարդ իրավիճակ է Ջավախքում, Ախալցիխեից ժամանել է Վրաստանի նախագահի Սամցխե-Ջավախք երկրամասում լիազոր ներկայացուցիչ Գեորգի Խաչիձեն: Հուսով եմ, որ կրքերը կհանգստանան, մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն», - նշեց Վան Բայբուրդյանը:

«Ազգ» թերթի փոխանցմամբ, Ախալքալաքի քաղաքապետ Նաիրի Իրիցյանը պնդում է, որ «ժանդարմերիա կոչվածը գործում է միայն Ջավախքում եւ Ծալկայում, այդ ծառայության կազմում ընդգրկված են տեղացի հայեր եւ այս ձեւով Վրաստանի իշխանությունները փորձում են տեղի հայերի միջոցով ճնշել ջավախահայությանը»:

Չորեքշաբթի օրը Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խաթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG