Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը նորից «մատ է թափ տալիս»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, թե Ադրբեջանը ռազմական ծախսերի համար 2006 թվականին կհատկացնի մինչեւ 600 միլիոն դոլար:

«Սա ցույց է տաիս, որ պետությունը հոգում է բանակի մասին: Մենք հզորացնելու ենք զինված ուժերը, ամրապնդելու ենք բանակի նյութական ու տեխնիկական բազան, կատարելագործելու ենք մեր զինվորական կադրերի ուսումնավարժության մակարդակը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով պետական պաշտպանության հատուկ ծառայության զինծառայողների առջեւ:

Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ապրում է պատերազմի պայմաններում:

«Ադրբեջանը փորձում է խաղաղ եղանակով կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս, եւ այդ պայմաններում կարեւոր է հզոր բանակ ստեղծել: Այդ գործընթացը կշարունակվի եւ մի օր թույլ կտա ազատագրել օկուպացված տարածքները», - ասել է նա: - «Ուժեղ բանակը կարեւոր գործոն է մի իրավիճակում, երբ աշխարհում ամեն օր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, իսկ Ադրբեջանի սահմաններից ոչ հեռու տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ»:

«Ադրբեջանը կայունության եւ անդորրի տարածք է: Մենք այն պաշտպանում ենք մեր սեփական ուժերով», - նշել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել. - «Ադրբեջանը սեփական ուժերով է պաշտպանելու իր տարածքով անցնող էքսպորտային խողովակաշարերը: Մինչեւ տարեվերջ շահագործման է հանձնվելու Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը, ինչը Ադրբեջանին կընձեռի տնտեսական աճի մեծ հնարավորություն, կապահովի հսկայական եկամուտ եւ կարեւոր դեր կխաղա տարածաշրջանի անվտանգության համակարգի ամպրապնդման գործում»:

«Բոլոր էքսպորտային խողովակաշարերը հուսալի պաշտպանության տակ են, մենք ամեն ինչ կանենք դրանք ցանկացած վտանգից երաշխավորելու համար», - ընդգծել է Իլհամ Ալիեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG