Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս հայտարարությամբ՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների


Հայաստանյան ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր քաղաքական ուժեր հինգշաբթի օրը ընդունել են «Համագործակցության մասին» հռչակագիրը, որի բովանդակությունից, սակայն, դեռեւս պարզ չի դառնում՝ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելո՞ւ են, թե մասնակցելու ու «ոչ» են ասելու առաջարկված փոփոխություններին: Հայտարարություն հեղինակների մեկնաբանությամբ, դա տեխնիկական խնդիր է եւ որոշվի հետագայում:

«Այս պայմաններում սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացի հիմնական նպատակը վարչախումբը լեգիտիմացնելը եւ նրա կյանքը երկարաձգելն է: Դրա վկայությունն է նաեւ հանրաքվեի քարոզչական գործընթացում անհավասար պայմանների առկայությունը իշխանության եւ ընդդիմության համար», - գրում են հայտարարության հեղինակները: - «Մենք միանշանակ մերժում ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այս գործընթացը եւ դրանով իսկ «ոչ» ենք ասում ռեժիմին: Ստեղծված իրավիճակում օր առաջ իշխանափոխությունն անհրաժեշտություն է»:

«Նպատակ ունենալով նախաձեռնել իրական համակարգային բարեփոխումներ, եւ ազատ ընտրություններով ձեւավորել օրինական իշխանություններ՝ մենք հայտարարում ենք միասնական համակարգված գործողությունների իրականացման մասին: Համագործակցությունը բաց է մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերի համար», - եզրափակում են հայտարարությունը ստորագրած 17 կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դրանց թվում են Ազգային ժողովրդավարական միությունը, Ազատական առաջադիմական կուսակցությունը, «Հանրապետություն»-ը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Նոր ժամանակներ»-ը, «Սահմանադրական իրավունք» միությունը, Մտավորականների ֆորումը եւ այլ ընդդիմադիր ուժեր: Դրանց թվում չեն Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ը, Ազգային ժողովում ներկայացված «Ազգային միաբանություն»ը, ինչպես նաեւ նախկին իշխանական եւ ՀՀՇ-ն (որի ներկայացուցիչներին, ինչպես պարզվեց հավաքից հետո, չէին հրավիրել):

«Սա պայքար է ոչ թե Սահմանադրական փոփոխությունների դեմ, այլ այն իշխանությունների դեմ, որ առաջարկում են այդ փոփոխությունները», - հավաքի ավարտին փոխանցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ սա ընդամենը առաջին քայլն է: Իսկ երկրորդ քայլը կլինի համապետական շտաբի ստեղծումը, ապա՝ պայքարի ռազմավարության մշակումը, որը «տարբեր կլինի՝ կախված տեղանքից»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG