Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Էլ ո՞ւմ է վարչապետը զենք նվիրել. հրապարակեք խնդրեմ ողջ ցուցակը» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Նոր Հաճըն քաղաքում տեղի ունեցած սպանությունը միակ հանցագործությունը չէր, որ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված անձնական զենքով»: Թվարկելով մի շարք հանցագործություններ եւ հանցագործությունների փորձեր, որոնք, թերթի տեղեկություններով, կատարվել են վարչապետի նվիրած զենքերով՝ «Առավոտ»-ը խնդրում է. - «Հիշյալ փաստերը վերհիշելուց հետո մնում է խնդրել վարչապետին՝ հրապարակել այն մարդկանց անունները, ում ինքը անվանական զենք է նվիրել՝ նրանցից գոնե զգուշանալու համար»:

Անդրանիկ Մարգարյանին ուղղված՝ «Գոլոս Արմենիի»-ի ընթերցողների հարցերից մեկը վերաբերում է հաջորդ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու՝ վարչապետի մտադրությանը: «Դրա մասին խոսելը դեռ վաղ է, առջեւում խորհրդարանական ընտրություններն են», - պատասխանել է վարչապետը:

«Հայաստանի Հանրապետություն»-ը արտատպել է «Հ1»-ին տված վարչապետի հարցազրույցը, ուր, անդրադառնալով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Անդրանիկ Մարգարյանն ասում է. - «Փառք Աստծո, շատ լուրջ խախտումներ չկան»: Ավանի թաղապետ ընտրված իր որդուն վերաբերող հարցին, թե նա արդեն ինտեգրվե՞լ է համայնքապետի պաշտոնին, տանը խորհրդակցո՞ւմ է, վարչապետը պատասխանում է. - «Ավելի շատ է ինտեգրվել, քան պետք է, որովհետեւ ես տանն էլ հանգիստ չունեմ, ավելի շատ նրա համայնքի գործերով եմ զբաղվում, քան ընտանեկան գործերով»: Հարցազրույցում անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեն հեղափոխության համար օգտագործելու՝ ընդդիմության ցանկությանը, Անդրանիկ Մարգարյանը նշում է. - «Հանրաքվեն եւ իշխանափոխությունը ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Նրանք ընդամենը կարող են հանրաքվեն բոյկոտել կամ «ոչ» ասել, բայց ինչպե՞ս պետք է հանրաքվեն օգտագործել իշխանափոխության համար, ի՞նչ պատճառներով, ի՞նչ հիմքով, անհասկանալի է»:

«Գոլոս Արմենիի»-ին, փաստելով, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները բոյկոտեցին թե’ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, թե’ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունը, մեկնաբանում է. - «Իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունը բարեփոխված Սահմանադրությանը «ոչ» չասաց»:

«Ասենք թե նախկին իշխանությունները ժողովրդավար չէին ու հակազգային եւ հնարավորություն չընձեռեցին կենսագործել Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, ըստ որի ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաեւ հանրաքվեի միջոցով: Սակայն այժմ ազգային կուսակցություն ՀՅԴ-ն է իշխանության մաս կազմում. ինչո՞ւ չի ուղղում այդ սխալը»: «Առավոտ»-ի այս հարցադրմանը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը պատասխանում է. - «Նույնիսկ ընդդիմությունը, որ ավելի շատ ջատագովն է այն մոտեցման, թե պետք է ստորագրահավաքի միջոցով կազմակերպել հանրաքվե, նման առաջարկ չի արել սահմանադրական փոփոխությունների փաթեթում: Ես հեղինակներից մեկն եմ եւ պնդում եմ, որ չկա նման առաջարկ»: Այս պատասխանին «Առավոտ»-ի թղթակիցը հավելում է. - «Հրայր Կարապետյանի այս պնդումը եւս մի հիմնավորում դարձավ կոալիցիայի հեղինակների անիրազեկության վերաբերյալ, քանզի նման դրույթ ամրագրելու առաջարկ արել են ե’ւ Արշակ Սադոյանը, ե’ւ «Ազգային միաբանություն»-ը»:

«Հարյուր հազարավոր մարդիկ այսօր ուղղակի սպասում են, որ իրենց պարզ, մարդկային լեզվով ներկայացվի, թե սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը գործող Սահմանադրության համեմատ ինչ հնարավորություններ է բացելու իրենց եւ երկրի առջեւ: Սա է լինելու որոշիչը», - «Հայոց աշխարհ»-ում շեշտադրում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով. - «Ուստի քարոզչությունն այսօր պակաս նշանակություն չունի, քան մինչ այսօր կատարված աշխատանքը»:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փորձ էին սահմանադրական հանրաքվեն կեղծելու այն չափով, ինչ չափով անհրաժեշտ է: Սա փորձ է. ես կասեի՝ իշխանությունների կողմից ինչ-որ առումով հաջողված փորձ», - «Առավոտ»-ին փոխանցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարուղար Ստեփան Զաքարյանը:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկվա ասուլիսում ոչ միայն խոստովանել է, որ Հայաստանում օրենքով արգելված գործունեություն է ծավալել, այլեւ հայտարարել է, թե պատրաստվում է շարունակել այդ գործունեությունը: «Խոսքը Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններին օգնություն ցույց տալու մասին է», - պարզաբանում է թերթը»: - «Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը օտարերկրյա քաղաքացիներին, ինչպիսին է Արա Աբրահամյանը, արգելում է նվիրատվություններ անել կուսակցություններին, ֆինանսավորել նրանց ընտրարշավը, նրանց օգտին քարոզչություն անել... Մյուս կողմից, սակայն, կարծում ենք, Հայաստանի օրենքները չպետք է տարածվեն այնպիսի ազգային գործչի վրա, ինչպիսին Սրա Աբրահամյանն է», - հեգնում է թերթը՝ ամբողջացնելով. - «Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի, Արա Աբրահամյանի եւ հայոց օլիգարխների նման ազգային գործիչ-բարեգործները պետք է վեր լինեն օրենքից»:

«Ես հայտարարում եմ, որ Կենտրոնի ընտրությունները լեգիտիմ չեն, եւ Գագիկ Բեգլարյանին սատարել է միայն իր թայֆան», - «Հայկական ժամանակ»-ում հնչեցնում է ՀԺԿ-ից Ռուզան Խաչատրյանը: Արձագանքելով ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, որն օրերս ասել էր, թե ցավում է Ռուզան Խաչատրյանի համար՝ վերջինս «Հայկական ժամանակ»-ում պատասխանում է. - «Իրենք թող ցավեն այն երկրի համար, որը ստեղծել են»:

Ուսանողների հետ երգիչ Ռուբեն Հախվերդյանի հանդիպումից «168 ժամ» թերթը մեջբերում է վերջինիս հետեւյալ խոսքերը. - «Ոչ մի տարբերություն չեմ տեսնում ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ. պարզապես սրանք ավելի անգրագետ են, քան նախկինները: Սրանց անգրագիտությունը սահմաններ չի ճանաչում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG