Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը, արձագանքելով սեպտեմբերի 23-24-ը Ախալքալակում տեղի ունեցած Ջավախքի հայկական հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների համաժողովում առաջ քաշված Ջավախքի ինքնավարության խնդրին, մեկնաբանում է. - «Դատելով վերջին քայլերից՝ մասնավորապես Կարս - Ախալքալակ երկաթգծի շինարարության հարցում ցուցաբերվող խիստ շահագրգիռ մոտեցումից, Վրաստանը փորձում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի հիմնական հանգույցը, այլեւ ձեռք բերել մենաշնորհային դիրք՝ ի հաշիվ Հայաստանի... Վրաստանը ակնհայտորեն դառնում է Հայաստանը շրջափակելու նպատակ ունեցող թուրք-ադրբեջանական քաղաքականության գործիք»: «Կամ Վրաստանն ու Հայաստանը պետք է համատեղեն սեփական կոմունիկացիոն, մարդկային եւ այլ հնարավորությունները, կամ չպետք է զարմանան ու դժգոհեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բնակչության մեջ առաջ եկող ինքնապաշտպանության եւ ինքապահպանման բնականոն ձգտումներից», - գրում է «Հայոց աշխարհ»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, իր հերթին, արձանագրելով, թե Ջավախքի այս անգամվա լարումը, կարծես, տարբերվում է նախորդ դեպքերից, շարադրում է. - «Ինչքան էլ հայերը ռուսների փոքր եղբայրը լինեն, եւ ինչքան էլ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստը լինի, այուամենայնիվ ունի իր սեփական շահերը, որոնք օբյեկտիվորեն առաջնային են: Այս իմաստով, Ջավախքում (այսպիսով՝ Վրաստանում) ապակայունացում հրահրելու Ռուսաստանի ջանքերը մինչեւ այժմ հաջողությամբ չեն պսակվել հիմնականում այն պատճառով, որ դրանք որեւէ մեկնաբանությամբ ընդհանուր եզր չեն ունեցել Հայաստանի շահերի հետ, եւ ամենավճռական պահին Հայաստանի իշխանությունները կանգնեցրել են լարման հետագա զարգացումը»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, այս պարագայում տարբերությունը Կարս-Ախալքալակ երկաթուղին է. - «Այդ ծրագրի իրագործումը ուղղակի հարված է Հայաստանի ազգային շահերին, եւ, դրանով ոգեւորվելուց առաջ, վրացական իշխանությունները պետք է հասկանան, որ հայաստանյան որեւէ իշխանություն՝ ազգայնական թե լիբերալ, չի կարող անտարբեր հետեւել նման ծրագրի իրագործմանը»:

Նույն թերթի հարցազրույցում «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը շեշտադրում է. - «Ինքնավարության մասին մեր պահանջը լրիվ տեղավորվում է Վրաստանի Սահմանադրության շրջանակներում»: Նրա տրամաբանությամբ՝ եթե «Վրաստանը իր տարածքում չի հանդուրժելու ինքնավարություններ, այդ դեպքում ինչո՞ւ է Օսեթիայի եւ Աբխազիայի հետ բանակցություններ վարում եւ ամենալայն ինքնավարություն է նրանց առաջարկում»: «Այս ֆոնին», - ասում է Ռստակյանը, - «շատ տրամաբանական հարց է ծագում. տարածքով աբխազներից ու օսերից մեծ, ազգաբնակչությամբ՝ ավելի շատ, վրացիներից ավելի տարբեր ջավախահայերը ինչո՞ւ պետք է վախենան կոնֆլիկտից՝ ինքնավարության մասին խոսելով»: Նշելով, թե փոխվում է Ջավախքի ազգագրական կազմը, ամեն ինչ արվում է, որ հայերը թողնեն հեռանան, Դավիթ Ռստակյանը ընդգծում է. - «Այս ամենը անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մենք Ջավախքում պետք է ունենանք ընտրովի իշխանություններ, որոնք կարողանան ապահովել մեր անվտանգությունը»:

«Այն, որ Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը 7 կրակոց արձակեց Արզնիի էլցանցի պետ Աշոտ Մխիթարյանի վրա եւ սպանեց նրան, եւս մի վկայություն է այն բանի, որ մեր իշխանավորները, մասնավորապես՝ քաղաքապետերի եւ թաղապետերի մակարդակով, «դուխով տղեք են», - բնութագրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այսինքն՝ ինչ-որ թուլամորթ եւ անողնաշար մարդիկ չեն, որ իրենց հարաբերությունները պարզեն խոսքով կամ, եթե պետք է, դատարանով: Ոչ, եթե նրանց թասիբին կպնող է լինում, նրանք հանում են ատրճանակը եւ «գյուլլում» են իրենց նեղացնողներին»: Զարգացնելով «դուխովների» տեսությունը՝ Արամ Աբրահամյանը հանգեցնում է. - «Ամենադուխովն իհարկե մեր իշխանություններն են: Օրինակ, վերցրեցին ու փակեցին իրենց «նեղացնող» «Ա1+»-ը: իտեին, որ հասարակությունը դրանից չափազանց դժգոհ է լինելու, գիտեին, որ միջազգային կազմակերպությունները դրա համար քննադատելու են իրենց: Բայց իրենցն արեցին, «դուխները» հերիքեց»:

Անդրադառնալով դրամի ամրապնդման ցուցանիշներին, «Հայոց աշխարհ»-ը նկատում է. - «Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցող երեւույթները քիչ կապ ունեն միջազգային շուկայի զարգացումների հետ: Կենտրոնական բանկը ամեն կերպ ամրապնդում է դրամը՝ գների կայունությունը ապահովելու նպատակով»:

«Նոյեմբերի 24-ին կայանալիք «Հեռուստամարաթոն-2005»-ի գումարներն ամբողջությամբ ուղղվելու են «Արցախի վերածնունդ» ծրագրի առաջին փուլին՝ Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը: Ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 10 միլիոն 430 հազար դոլար», - տեղեկացնում է «Ազգ»-ը: Թղթակցի հետ զրույցում «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը նշում է. - «Մենք ներկայացնում ենք նոր ծրագիր: Փաստորեն հիմնադրամը զուտ հումանիտարից կատարում է անցում դեպի զարգացման ծրագրեր: Ենթադրում ենք, որ «Արցախի վերածնունդ» ծրագիրը կտեւի երկու-երեք տարի»: «Եթե մենք խոսում ենք Արցախը վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին, այսօր այս ծրագրով մենք իրականացնում ենք նաեւ վերաբնակեցում: Այսինքն՝ վերադարձնելու ենք փախստականներին, որովհետեւ շատ մարտակերտցիներ կան ե’ւ Հայաստանում, ե’ւ Ռուսաստանում, որոնք կցանկանային վերադառնալ, սակայն պայմաններ չկան», - ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG