Մատչելիության հղումներ

Իրաքցի զինյալները կես միլիոն են պահանջում հայազգի գործարարին ազատ արձակելու համար


Շաբաթ օրը լրանում է Իրաքում առեւանգված հայազգի գործարար Կարապետ Ժան Ջիկերջյանի հարազատներին իրաքցի զինյալների կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը: Զինյալները պահանջում են կես միլիոն դոլար՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել օգոստոսի 21-ին առեւանգված 40-ամյա Ջիկերջյանին, որն ունի Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն:

Ջիկերջյանը Իրաքում խմիչք էր իրացնում «Ջեթքո» ընկերության պատվերով: Մի քանի շաբաթ առաջ հրապարակվել էր մի տեսաժապավեն, որտեղ Ջիկերջյանը, որի կողքին ավտոմատավոր է կանգնած, խնդրում էր իր ընկերությանը դուրս գալ Իրաքից: «Ջեթքո»-ն դադարեցրել է իր գործունեությունը Իրաքում:

Ինչպես հաղորդում է Կիպրոսում լույս տեսնող «Սայփրըս մեյլ» թերթը, զինյալները պահանջել էին 20 հազար դոլար փրկագին, որը նրանց փոխանցվել էր: Սակայն դրանից հետո նրանք 2 միլիոն դոլարի պահանջ էին առաջ քաշել: Ի վերջո գումարը նվազեցվել է մինչեւ 500 հազար դոլար:

Առեւանգվածի ազգական Ռիտա Մեծատուրյանը հույս է հայտնել, որ Կիպրոսի կառավարությունը միջոցներ կձեռնարկի եւ Ջիկերջյանը ազատ կարձակվի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG