Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանին կդատեն Վրաստանում


Ըստ Վրաստանի Գլխավոր դատախազության երեքշաբթի օրը տարածած հայտարարության, Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի գործով դատավարությունը տեղի է ունենալու Վրաստանում, քանի որ ամերիկյան կողմը էստրադիցիայի պահանջ չի ներկայացրել:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների Կոլումբիա դաշնային տարածքի ատենակալների կոլեգիան մեղադրանք է ներկայացրել Վլադիմիր Հարությունյանին, եւ մեղադրյալի բացակայությամբ դատական նիստը կարող է տեղի ունենալ Թբիլիսիում Հարությունյանի դատավարության հետ միաժամանակ:

«Կավկասպրես» գործակալության փոխանցմամբ, Հարությունյանի գործով նյութերը դատարան կփոխանցվեն մինչեւ սեպտեմբերի վերջը:

Վրաստանի դատախազությունը Վլադիմիր Հարությունյանին ներկայացրել է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ նռնակ նետելու, ինչպես նաեւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու եւ ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG