Մատչելիության հղումներ

Մամեդյարովը կրկին վստահեցնում է, թե խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում լինելու են ազատ եւ արդար


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը հայտարարել է, թե, հակառակ ընդդիմության հայտարարություններին, թե նոյեմբերի 6-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են, Ադրբեջանը «կատարել է կարեւորագույն քայլերը ազատ ընտրությունների կայացման ճանապարհին»:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության հարցազրույցում Մամեդյարովը նաեւ բացառել է Ուկրաինայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի օրինակով դեպքերի զարգացման հնարավորությունը Ադրբեջանում:

«Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը: - «Այս ընտրությունները մեր բոլոր նախորդ ընտրություններից շատ ավելի արդար են լինելու»:

Անդրադառնալով Ադրբեջանի ընդդիմության՝ արդեն պարբերական դարձած բողոքի ցույցերին եւ հանրահավաքներին, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկիրը գնում է «քաղաքական հասունացման ճանապարհով» եւ կոչ է արել ընդդիմությանը «ավելի զուսպ լինել»:

«Ցուցարարները չպետք է ծեծեն ոստիկաններին եւ ոստիկանությունը չպետք է ծեծի ցուցարաներին», - ասել է Մամեդյարովը: - «Իսլամական ծայրահեղականների գործողությունները չեն կարող խանգարել ընտրական գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG