Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, Ադրբեջանը հնարավորություն կգտնի խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը «ընդամենը դիվանագիտական խաղ» է որակել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ մտնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդովը նշել է, թե «Հայաստանին անհանգստացնում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ամրապնդվել է, եւ այն վայելում է միջազգային կազմակերպությունների եւ առանձին պետությունների աջակցությունը»: Ուստի, ըստ Նովրուզ Մամեդովի, «Հայաստանը փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ սպառնում է դադարեցնել բանակցային գործընթացը»:

«Նախ, բանակցային գործընթացից դուրս գալը այնքան էլ հեշտ գործ չէ: Իսկ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը մտադիր է հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից դուրս գալու մասին, ապա Ադրբեջանը հնարավորություն կգտնի խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Մենք կարող ենք դա անել, այդ հարցում խնդիր չունենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետը:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չորեքշաբթի օրը հայտարարել էր. - «Եթե Ադրբեջանը ձեռնարկի որեւիցե ակտիվ քայլ ՄԱԿ-ի շրջանակներում, ապա այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա Պրահայի բանակցությունների գործընթացից»:

«Սա մեր հիմնական արգումենտն է՝ որ կա Մինսկի խումբ, որի շրջանակներում 10-ից ի վեր տարիներ իրականացվում են բանակցությունները եւ քաղաքական քննարկումները, եւ ՄԱԿ-ը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հիմնախնդիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Մարտիրոսյանը: - «Եվ եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունը խախտի, Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի այդ քայլը, որովհետեւ մենք Ղարաբաղի կողմից լիազորված ենք բանակցությունները իրենց անունից տանել միայն Մինսկի խմբի շրջանակներում... Այդ դեպքում, ինչպես ես հայտնեցի ՄԱԿ-ի ամբիոնից, Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել միայն Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG