Մատչելիության հղումներ

Ընտրացուցակներում դեռեւս շատ են անճշտությունները


«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որը 1997 թվականից դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրությունների ընթացքում, օգոստոս ամսից արդեն հետեւում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նախընտրական փուլին: Արձանագրված թերությունները կազմակերպությանը հիմք են տվել եզրակացնելու, որ դրանք լրջորեն ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:

Սեպտեմեբրի 18-25-ը համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են տեղի ունենալու մայրաքաղաքի 5 համայնքներում` Էրեբունի, Քանաքեռ- Զեյթուն, Նուբարաշեն, Կենտրոն եւ Արաբկիր: Բոլոր համայնքներում գլխավոր խնդիրը ընտրացուցակների անճշտություններ են: Մի խնդիր, որը Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողանում կամ պարզապես չեն ցանկանում լուծել:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 եւ անգամ 20 տարի առաջ մահացած մարդկանց անունները ընտրացուցակներում կան, իսկ նույն շենքում բնակվող անձանց անունները բացակայում են: Որոշ հայանքներում, օրինակ՝ Նոր Նորքում, շենքերի բնակիչների մի մասի անունները բացակայում են ընտրացուցակներից, փոխարենը դրանցում ընդգրկված են տվյալ հասցեներում գնանցում չունեցող մարդկանց անուններ:

Արձանագրվել են դեպքեր, երբ միայն մեկ շենքի ընտրացուցակում հայտնաբերվել է 14 անճշտություն:

Դիտորդական առաքեւլություն իրականացնող կազմակերպութան ղեկավար Հարություն Համբարձումյանը համոզված է, որ այս անճշտություններն ուղղակիորեն կազդեն ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա:

«Շատ մարդիկ, ովքեր տեսնում են, որ իրենց անունը ընտրացուցակում չկա, չեն գնում դատարան», - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Համբարձումյանը: - «Պատկերացրեք, թե ինչքան նման մարդիկ կլինեն եւ ինչքան մարդ չի գնա քվեարկության»:

Դիտարկմանը, թե գուցե այդ ցուցակները միտումնավոր կերպով չեն ուղղվում՝ ընտրակեղծիքների որոշակի մասն ապահվելու համար, Համբարձումյանը արձագանքեց. - «Ավելի շատ անփութություն, ոչ մի պատասխանատվության զգացում, եւ նաեւ դիտավորություն»:

Տեղին է նշել, թերեւս, որ ընտրացուցակները կարգի բերելը ոստիկանության անձնագրային վարչության լիազորությունն է:

Հարություն Համարձումյանի խոսքերով, եթե սահմանադրական հանրաքվեն օգոստոսին անցկացվի ներկա ընտրացուցակներով, ապա դրանց արդյունքները կարելի է կասկածի տակ դնել:

«Տեղական այս ընտրությունները անգամ իրավունք չունեն այս ընտրացուցակներով անցկացնել», - ասաց նա: - «Խայտառակ ընտրացուցակներ են... Ի՞նչ հանրաքվե»:

Անդրադառնալով ընտրակաշառքների հարցին, Համբարձումյանը ասաց, որ ընտրակաշառքներ եղել են բոլոր ընտրությունների ընթացքում, թեեւ ընդունեց, որ շատ դժվար է դա ապացուցել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG