Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գունավոր հեղափոխություններ իրականացրած երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղըզստանի, նախկին ղեկավարների գլխավոր սխալը «Հայոց աշխարհ»-ը համարում է այն, որ «նրանք խախտեցին ուժերի հաշվեկշիռն էլիտաներում, եւ իշխանությունը հայտնվեց դրան հավակնող բազմաթիվ խմբերից մեկի ձեռքում»: Ըստ վերլուծության, ցանկացած հանրության փորձը ցույց է տալիս, որ «երբ մի անձի կամ մարդկանց նեղ խմբի ախորժակները չափից ավելի են մեծանում, մնացյալ բոլորը միավորվում են ու ձեռնարկում համապատասխան քայլեր»:

«Մեր ընդդիմադիրները, որոնք հայտարարում են, թե մտադիր են հանրաքվեն վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի, հերթական անգամ առաջնորդվում են Կռիլովի հայտնի առակի մոտիվներով», - պատկերում է «168 ժամ» թերթը: - «Մի մասն առաջարկում է գնալ եւ «ոչ» ասել նախագծին, մյուս մասը կոչ է անում բոյկոտել հանրաքվեն, իսկ երրորդներն էլ դեռ չեն կողմնորոշվել»:

«Եթե ընտրություններում, որոնք իշխանության փոփոխության օրինական ուղին են, դա չհաջողվեց անել, այժմ հազիվ թե հաջողվի», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում, անդրադառնալով հանրաքվեն իշխանափոխության առանցք դարձնելու ընդդիմադիրների մտադրությանը, ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով. - «Սա չի նշանակում, որ իշխանության հեղինակությունը եւ ամրությունը կախված չեն հանրաքվեի արդյունքներից: Տապալման դեպքում իշխանությունները լուրջ հետեւություններ անելու խնդիր կունենան, բայց դա չի հանգեցնի իշխանափոխության»: Բացառելով Հայաստանում թավշյա հեղափոխության հնարավորությունը, նա շեշտադրում է. - «Դրա հնարավությունը իրական կլիներ երկու պայմանի առկայության դեպքում. նախահեղափոխական իրավիճակ՝ գումարած դրա շարժիչ ուժը: Երկուսն էլ Հայաստանում բացակայում են»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը, տեղեկացնելով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մաքսային պետական կոմիտենի ղեկավար կազմի հետ, մեջբերում է. - «Պետբյուջեի հետ կապված ձեր պարտավորությունները, ճիշտ է, կատարում եք, բայց մեր դիտարկումները եւ ուսումնասիրությունները վկայում են, որ դեռեւս մեծ ծավալի մաքսանենգ ապրանքներ կան շուկաներում»: «Այն, ինչ այսօր կատարվում է Մեղրիի մաքսակետում, անընդունելի է», - առանձնացրել է նախագահը: - «Բազմաթիվ բողոքներ կան ե’ւ իրանական կողմից, ե’ւ գործարարներից ու պարզ քաղաքացիներից»: Թերթի փոխանցմամբ, Քոչարյանը հայտնել է, որ նախագահի վերահսկողական ծառայությունից աշխատանքային խումբ է ուղարկելու մաքսակետ, որը չի հեռանա այնտեղից, մինչեւ իրավիճակը չշտկվի: Ըստ «Հայաստանի Հանրապետության», Ռոբերտ Քոչարյանը նաեւ նշել է, որ «համակարգում աշխատում են ազգակցական կապերով փոխկապակցված պաշտոնյաներ, ովքեր միմյանցից ուղղակի կախվածության մեջ են, ինչն անընդունելի է»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ում նկարագրված է. - «Քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք մուտք են գործել մաքսայինի տարածք, հրահանգել են փակել բոլոր մուտքերն ու ելքերը, ոչ ոքի ներս չթողնել, ոչ ոքի դուրս չթողնել: Մաքսայինի ներսում գտնվող մարդկանց շենքից դուրս են թողել միայն անձը եւ շենքում գտնվելու նպատակը պարզելուց հետո: Իսկ այդ ընթացքում ոստիկանական մեքենաները շրջապատել են մաքսայինի շենքը: Հետագայում պազվել է, որ Մաքսային կոմիտե է գալու Ռոբերտ Քոչարյանը:

«Անհեռատես քաղաքականության հետեւանքները» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ֆինանսական շատ ավելի լուրջ ազատ միջոցներ ունեցող Ռուսաստանը, ելնելով Հայաստանում իր ռազմական ներկայության փաստից, պետք է ավելի մեծ ներդրումներ իրականացնի մեր երկրում, քան ԱՄՆ-ը՝ Վրաստանում: Սակայն թվերն ու փաստերը ցույց են տալիս, որ գործ ունենք կատարյալ անտարբերության եւ այսրոպեական շահերի վրա հիմնված մանր-մունր հաշվարկների հետ»: Վերլուծաբանի հայացքով, եւս երկու-երեք տարի նման քաղաքականություն վարելու պարագայում «Ռուսաստանը նախ տնտեսապես եւ ապա քաղաքականապես կկորցնի ոչ միայն Վրաստանն ու Ադրբեջանը, այլեւ Հայաստանը»:

«Առավոտ»-ի խմբագիրը, հայկական միջավայրի հետ համեմատելով այն տեղեկատվությունը, թե ռուսաստանցի բիզնեսմեն Անդրեյ Ամելչենկոն Ֆրանսիայում կազմակերպած իր հարսանիքի վրա ծախսել է մոտ 40 միլիոն դոլար, բնորոշում է. - «Որքան մեղք են մեր պաշտոնյանները: Այդ խեղճ մարդիկ Ամելչենկոյից պակաս հնարավորություններ չունեն, բայց ո'չ «Ֆորբս» ամսագրի ամենահարուստների ցուցակում կարող են երեւալ, ո'չ իրենց դղյակների համար «վիզ առնել»: Ստիպված են իրենց աղքատի տեղ դնել եւ նույնիսկ իրենց «Համեր»-ները զոքանչի, հորեղբոր տղայի անունով են ձեւակերպում»: «Եվ անգամ պաշտոնանկությունից հետո ոչ մի շանս չկա հայտնվելու բարձրաշխարհիկ քրոնիկայի էջերում», - շարունակում է Արամ Աբրահամյանը: - «Օրինակ, մեր ազգային անվտանգության նախկին պահապան Կարլոս Պետրոսյանը մի-երկու տարի առաջ վիլլա է գնել իսպանական Մարբելա արիստոկրատական կուրորտում, որտեղ բնակտարածության մեկ քառակուսի մետրի գինը սկսվում է 4 հազար եվրոյից: Մարբելայում տներ ունեն եվրոպական թագավորական ընտանիքների եւ շոու բիզնեսի աշխահրահռչակ ներկայացուցիչները, ինչպես նաեւ նախկին կագեբեշնիկ Կառլոսը, որ այդ վիլլան ձեռք է բերել իր ոստիկանական եւ կագեբեյական անբասիր աշխատանքով»:

«Հայկական ժամանակ»-ը, արձանագրելով, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից պատասխանատվության ենթարկված վերջին երկու ընկերությունները՝ «ԱրմենՏել»-ն ու «Կոկա կոլա»-ն են, բխեցնում է. - «Իհարկե հրաշալի է, որ մեր հանձնաժողովի դուխն ու սկզբունքայնությունը բավարարում է նման ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար: Բայց հենց միայն սրանից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում արեւմտյան ներդրողները ամենահակամրցակցայինն են, իսկ մեր տեղացի նախարարախառը ու պատգամավորախառը օլիգարխները մրցակցության մեռած են՝ առավոտից իրիկուն մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ Հայաստանում ազատ տնտեսական մրցակցությունը չխաթարվի»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG