Մատչելիության հղումներ

«Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգում


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ է մտել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նստաշրջանը, նախագահող Գաբոնի արտգործնախարար Ժան Փինգի գլխավորությամբ, միաձայն քվեարկության արդյունքում հարցը մտել է օրակարգ: Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ, որ ՄԱԿ-ում իրենց երկրի ներկայացուցիչն իբր ասել է, թե ասամբլեան «վճռականություն ցուցաբերեց ու որոշում ընդունեց շարունակել հարցի քննարկումը»:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց, որ բանաձեւի նախագիծը մտել է օրակարգ՝ ավելացնելով, սակայն, որ դա տեղի է ունեցել առանց քվեարկության եւ «որոշակի պայմաններով ու նկատառումներով»:

Այս հարցը, հիշեցնենք, առաջին անգամ ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգ մտավ 2004 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ: Սակայն հարցի քննարկումը անորոշ ժամանակով հետաձգվեց, երբ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետ Սյուզան Մուրը հորդորեց Գլխավոր ասամբլեային չմիջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ չխանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Արմեն Մարտիրոսյանի պարզաբանմամբ, երբ Ադրբեջանն այն ժամանակ որոշել էր հարցը տեղափոխել 60-րդ նստաշրջան, ձեռք էր բերվել հետեւյալ պայմանավորվածությունը. - «Որ մենք իրենց չենք խանգարի հարցը տեղափոխելու միայն այն դեպքում, եթե իրենք պարտավորվում են, որ հարցը նույնպես այս նստաշրջանի ընթացքում չի ունենա ոչ մի զարգացում»:

Իսկ օրակարգում ընդգրկելու շուրջ համաձայնությունը եղել է՝ նկատի ունենալով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Այդ քաղաքական ֆոնին իրենց դժվար կլիներ հանել հարցը օրակարգից: Ուստի ձեռք բերվեց այդ պայմանավորվածությունը, որ Ադրբեջանը չի ձեռնարկի ոչ մի ակտիվ քայլ, եւ Հայաստանը չի խանգարի, որպեսզի հարցը մտնի օրակարգ: Հարցի քվեարկություն որպես այդպիսին չեղավ: ՄԱԿ-ի պրոցեդուրաները թույլ են տալիս, որպեսզի դա իրականցվի առանց քվերակության»:

Բացի այդ, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը երկրի նախագահի եւ արտգործնախարարի լիազորությամբ հայտարարել է, որ
«եթե Ադրբեջանը ձեռնարկի որեւիցե ակտիվ քայլ ՄԱԿ-ի շրջանակներում, ապա այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա Պրահայի բանակցությունների գործընթացից»:

«Սա մեր հիմնական արգումենտն է՝ որ կա Մինսկի խումբ, որի շրջանակներում 10-ից ի վեր տարիներ իրականացվում են բանակցությունները եւ քաղաքական քննարկումները, եւ ՄԱԿ-ը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հիմնախնդիրը», - շարունակեց Մարտիրոսյանը: - «Եվ եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունը խախտի, Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի այդ քայլը, որովհետեւ մենք Ղարաբաղի կողմից լիազորված ենք բանակցությունները իրենց անունից տանել միայն Մինսկի խմբի շրջանակներում... Այդ դեպքում, ինչպես ես հայտնեցի ՄԱԿ-ի ամբիոնից, Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել միայն Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG