Մատչելիության հղումներ

«Միդլենդ»-ը Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն է խնդրում


Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի օրը տարարած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը փոխանցել ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանը։

Հանձնաժողով նաեւ տեղեկացրել է, թե իրենք դեռեւս ուսումնասիրում են այդ փաստաթուղթը։

Անցած հունիսին, հիշեցնեն, «Միդլենդ ռիսորսիզ» հոլդինգի եւ ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկության՝ «Ինտերէներգո» ընկերության միջեւ կնքված պայմանագրով «Հայցանց»-ի մենեջմենթը փոխանցվել էր «Ինտերէներգո»-ին, ինչի կապակցությամբ մտահոգություն էին հնչեցրել Հայաստանի միջազգային դոնորները:

«Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, թե ինչ է նշանակում «Միդլենդ»-ի դիմումը՝ մատնացույց անելով ցանցերի սեփականատեր ընկերության նախագահ Ալեքս Շնայդերի կողմը։ Վերջինս լոնդոնյան «Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտ» էլեկտրոնային պարբերականին օրերս տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, թե իրենց վերջնական նպատակը, իհարկե, Հայաստանի բաշխիչ էլկետրացանցերը ՌԱՕ -ԵԷՍ-ին վաճառելն է։

«Ըստ այդմ, գործարքը բաղկացած է 2 փուլից. նախ՝ գործարքը նախապատրաստելու նպատակով երկու կողմերը կուսումնասիրեն ընկերության ակտիվները եւ կստեղծեն ընկերության համատեղ կառավարման մեխանիզմներ՝ խորհրդակցելով Հայաստանի կառավարության հետ: Այդ փուլում «Միդլենդ»-ը կմնա բաշխիչ ցանցերի միակ սեփականատերը։ Գործարքի երկրորդ փուլը ներառելու է բաժնետոմսերի փոխանցումը. սա կարող է տեղի ունենալ կառավարության հավանությունը ստանալուց հետո, ինչպես պահանջում է նրա հետ կնքած պայմանագիրը», - ասել է Շնայդերը՝ հավելելով. - «Որեւէ չլուծված հարց «Միդլենդ»-ի եւ [Հայաստանի] կառավարության միջեւ չկա»։

Ուստի, ըստ Շնայդերի, «Միդլենդ»-ի եւ կառավարության միջեւ ներքին համաձայնության արդյունքում, ցանցերի կառավարման իրավունքը ՌԱՕ - ԵԷՍ-ին է փոխանցվել 73 միլիոն դոլարով, իսկ հետո որոշվել է իրավաբանորեն ձեւակերպել կատարվածը՝ բաժնետոմսերի օտարման պայմանագրի կնքման տեսքով։

Ամեն ինչ, թերեւս, այդպես հարթ էլ կընթանար, եթե չլիներ Հայաստանի միջազգային դոնորների բարձրացրած աղմուկը:

Այժմ, երբ «Միդլենդ»-ը մոտ է ցանցերի բաժնետոմսերի վաճառքը ձեւակերպելու գործարքին, բաց է մնում մեկ հարց. որքա՞ն պետք է գնահատվեն Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերը, եթե այդ ընկերության միայն կառավարման իրավունքը 73 միլիոն դոլար էր գնահատվել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG