Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում զինադադարի խախտման հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մոտակայքում: Ծագած փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի ենթասպա Պոլադ Ալիեւը: Նա տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, ուր ավելի ուշ մահացել է:

Երեքշաբթի օրը ANS-ը հաղորդել էր, թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող եւ վիրավորվել քաղաքացիական անձ:

Զինադադարի խախտման դեպքերը հաճախակի էին դարձել այս տարվա գարնանը՝ հակառակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում նկատվող որոշակի առաջընթացի: Այն ժամանակ պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը նշում էին, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են մոտեցնել իրենց դիրքերը Ղարաբաղի պաշտպանական դիրքերին՝ շփման գոտու հյուսիսային եւ արեւելյան հատվածներում: Կարծիքներ էին հնչում, որ Բաքուն, հնարավոր է, պատրաստավում է լայնածավալ ռազմական գործողությունների:

Ներկայումս, սակայն, ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է թվում՝ հաշվի առնելով տարբեր պաշտոնյանների հայտարությունները, թե կողմերը մոտ են համաձայնությանը: Շաբաթասկզբին ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը Երեւանում հայտարարել էր, թե «մինչեւ տարեվերջ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG