Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները դադարեցնում են խորհրդարանական բոյկոտը եւ արդեն իսկ առաջիկա երկուշաբթի օրը ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն հերթական քառօրյա նիստերին», - ազդարարում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի մատուցմամբ, ընդդիմադիր մի պատգամավոր ասել է, թե իրենք վերադառնում են խորհրդարան՝ «կատարյալ խառնաշփոթ ստեղծելու եւ մեծամասնության 1,5 տարվա անդորրը խախտելու համար»:

«Առավոտ»-ի մեկնաբանի ձեւակերպմամբ, «Հանրապետություն» կուսակցությունից մի շարք գործիչների հեռացումն ամենեւին էլ անսպասելի չէր. - «Իրականում այդ նույն անդամները եւ առաջին հերթին Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը արդեն մինչեւ դուրս գալը հեռացել էին կուսակցությունից, քանի որ, սկզբունքորեն համաձայն չլինելով «Հանրապետություն» կուսակցության մի շարք անդամների եւ, մասնավորապես, Արամ Սարգսյանի կողմից կուսակցության անունից կատարվող հայտարարություններին եւ գործողություններին, չէին մասնակցում կուսակցության որեւէ որոշման եւ որեւէ գործողության»:.

«Հայկական ժամանակ»-ի մեկնությամբ՝ Բազեյանի հեռացումը ոչ թե ընդդիմության դեմ է ուղղված, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ. - «Ի վերջո, կորցնելով իր քաղաքական խորհրդի զգալի մասը՝ Արամ Սարգսյանը, փաստորեն, նաեւ զրկվում է ընդդիմության միասնական լիդեր դառնալու իրական հնարավորությունից եւ չի բացառվում, որ տեղի ունեցածի հիմնական լեյտմոտիվը հենց սա է... Եվ իսկապես», - զարգացնում է մեկնաբանը, - «մեծ է հավանականությունը, որ «բազեյանենք» կհամախմբվեն Ստեփան Դեմիրճյանի շուրջը՝ տեղավորվելով նրա քաղաքական համախոհների ուղեծրում»:

«Չորրորդ իշխանություն»-ը, գրելով, թե իշխանությունները շատ կցանկանային այդ փաստը ներկայացնել որպես «Հանրապետություն» կուսակցության պառակտում, հավելում է. - «Բայց իրականությունը փոքր-ինչ այլ է»: Թերթի հայացքով՝ ճշմարտությանը շատ ավելի մոտ է այն գնահատականը, որ «Հանրապետություն»-ը վճռական քայլերի է նախապատրաստվում եւ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, առաջին շարքում մնում են միայն նրանք, ովքեր պատրաստ են գնալ մինչեւ վերջ. - «Մյուսները տարբեր պատճառաբանություններով, հեռանում են»:
«Իրավունք»-ում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը բանաձեւում է. - «Սահմանադրական հանրաքվեի տապալումը նշանակում է ռեժիմի տապալում»:

«Ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, պարզապես խայտառակություն էր: Ըստ էության, գրեթե բովանդակային քննարկում չեղավ: Իշխանությունները ցեխ շպրտեցին ընդդիմության, ընդդիմությունը՝ իշխանության վրա, եւ ժողովուրդը այս ամենին ականատես եղավ... Այս պարագայում նույնիսկ էական չէ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Սահմանադրությունը այն փաստաթուղթը չէ, որ պետք է իշխանություն - ընդդիմություն բանավեճի առարկան դառնար»: Վարդան Պողոսյանը, ով մասնակցել է սահմանադրական փոփոխությունների մշակմանը, թերթում շեշտադրում է. - «Սահմանադրական փոփոխությունները որեւէ հիմք չեն տալիս Ռոբերտ Քոչարյանին 3-րդ անգամ առաջադրելու իր թեկնածությունը: Այստեղ որեւէ իրավաբանական շփոթ կամ խառը իրավիճակ չկա»:

Նույն թերթում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշում է. - «Նույն ընդդիմությունը սկզբում հղում էր անում հենց Եվրախորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի պահանջներին, իսկ երբ այդ պահանջները բավարարվեցին, սկսեցին քննադատել նույն եվրոպական կառույցներին՝ փորձելով կասկածի տակ դնել նրանց հեղինակությունը սահմանադրական փոփոխություններին գնահատական տալու կապակցությամբ»:
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն կամ ուղղակի դեմագոգիա», - գնահատում է Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանի իշխանությունների համար նոյեմբերի հանրաքվեն կարող է դառնալ փորձություն», - կանխատեսում է «Ազգ»-ը: - «Եվրոպական կազմակերպությունները եւ Միացյալ Նահանգները ողջունում են սահմանադրական բարեփոխումների փաթեթի պարունակությունը, սակայն զգուշացնում են, որ նոյեմբերյան հանրաքվեն պետք է անցնի ազատ, արդար եւ թափանցիկ»: Մեկնաբանի կարծիքով, իշխանությունների համար «Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում բավականաչափ դժվար կլինի ապահովել Սահմանադրության «այո»-ի համար անհրաժեշտ 800 հազար քվեն»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումների վերաբերյալ փորձելով պարզել գրող Պերճ Զեյթունցյանի կարծիքը՝ «Հայոց աշխարհ»-ի թղթակիցը վերջինիս հարցնում է. - «Ընդհանրապես այս ողջ գործընթացը գնահատելիս, ձեր՝ որպես մտավորականի, նկատառումները կամ մտահոգությունները որո՞նք են»: «Շատ տարօրինակ պիտի թվա, եթե ասեմ, որ Սահմանադրության հարցը՝ հինը կամ վերափոխվածը, ինձ չի հետաքրքրում: Որովհետեւ նախորդ Սահմանադրության առաջին էջում կարծեմ գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է եւ մի քանի տող ներքեւ էլ գրված է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Կարծում եմ, այս երկու կետերը մնացել են: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի շարունակեմ կարդալ, քանի որ դրանք ամենամեծ ստերն են», - պատասխանում է Զեյթունցյանը:

Էրեբունի համայնքի թաղապետի ընտրություններում միակ թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանը «Առավոտ»-ում ասում է. - «Եթե որեւէ թաղապետի դեմ որեւէ այլ թեկնածություն չի առաջադրվել, դա ապացույցն է այն բանի, որ մարդիկ սիրում ու հարգում են իրենց թաղապետին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG