Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պատրաստվում է քարոզարշավի՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների


Հայաստանյան ընդդիմությունը, թեեւ չի կասկածում, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխություններին, պատրաստվում է, այդուհանդերձ, լայն հակաքարոզչության:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դա հաստատեցին ինչպես «Արդարություն» դաշինքի ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այնպես էլ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Ես կարծում եմ, որ հանրահավաքներ կանեն ընդդիմադիր բոլոր կուսակցությունները», - ասաց Արամ Սարգսյանը: - «Կսկսվեն հանրապետության տարբեր մարզերից, վերջինը կլինի Երեւան քաղաքում»:

Նա հավելեց, որ հանրահավաքները անցկացվելու են քարոզչության համար տրամադրված 40 օրերի ընթացքում: Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, թե «իշխանությունները հասկանում են, որ 850 ձայն չեն կարողանալու ապահովել եւ փորձելու են կեղծիքների գնալ»:

«Բայց այս դեպքում կեղծելուց հետո միանշանակ ժողովուրդը ոտքի է կանգնելու: «Ոչ»-ի դեպքում էլի ժողովուրդը ոտքի է կանգնելու», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը՝ վստահեցնելով որ այդ պայքարում ընդդիմությունը միասնական է լինելու:

Նրա խոսքերով, մարզերում կուսակցությունները առանձին հանրահավաքներ կկազմակերպեն, իսկ Երեւանում արդեն հանդես կգան միասնական ուժերով:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկայում կուսակցության մարզային կառույցները տեղերում ժողովրդին բացատրելու են, թե ինչու է պետք «ոչ» ասել իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումներին: Նա պնդեց, որ այդ բարեփոխումներով իշխանությունները ջանում են «ժամանակ շահել՝ սեփական տապալված իշխանությունը վերարտադրելու համար»:

Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները մերժվելուց հետո իշխանությունները հարկադրված կլինեն լուծարել Ազգային ժողովը եւ կազմակերպել արդար խորհրդարանական ընտրություններ:

«Եթե հնի պես կեղծիքների ճանապարհը ընտրեն այս իշխանությունները, ապա իրենք իրենց իսկ ձեռքերով կկնքեն սեփական քաղաքական մահկանացուն», - ավելացրեց «Ազգային միաբանության» առաջնորդը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG