Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, օգոստոսի 30-ին կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել:

Նման զարգացումը անակնկալ չէր ո’չ հանրության եւ ո’չ էլ անձամբ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համար: Դրա մասին խոսվում էր վաղուց: Կուսակցությունից դուրս գալու դրդապատճառները Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը խոստանում են ներկայացնել առաջիկա շաբաթվա սկզբին:

Այդուհանդերձ, Ալբերտ Բազեյանը որոշ պարզաբանումներ փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին. - «Հակասությունները մարտավարության հետ են պայմանավորված: Ես անձամբ միշտ դեմ եմ եղել, որպեսզի մենք հանդես գանք հանպատրաստից հայտարարություններով, չկշռադատված գնահատականներ տանք քաղաքական ընդդիմության մեր գործընկերներին»:

Մամուլի հրապարակումներում արդեն ակնարկներ կան ռուսամետների հեռացման մասին, արդյո՞ք դա էր նաեւ մարտավարության հարցերում առկա հակասության հիմքը: Ալբերտ Բազեյանը հաստատեց դա եւ ավելացրեց, որ իրենք «հայտարարել են իրենց լիարժեք արեւմտամետ լինելը եւ կողմ են կտրել Հայաստանի պորտալարը Ռուսաստանից»:

«Մենք գտնում ենք դա միակողմանի մոտեցում», - ասաց նա՝ ավելացնելով, որ քաղխորհրդի 7 անդամները Հայաստանի շահերից բխող հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից են:

Արամ Սարգսյանը չհերքեց արեւմտամետ լինելու հանգամանքը, բայց տվեց դրան իր մեկնաբանությունը:

«Ես հետապնդում եմ միայն իմ երկրի շահերը: Ես արեւմտյան ապրելակերպի կողմնակից եմ... Մնացած տեսակետները, ինչ իրենք հայտնում են, դա իրենց իավունքն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը: - «Դժբախտաբար, Հայաստանի Հանրապետություն նման բաները պատահաբար տեղի չեն ունենում. սա գործող օրինաչաթություն է: Մենք առաջինը չեն, մենք վերջինը չենք: Ես բոլոր մարդկանցից, ովքեր այս պատմության մեջ տհաճություն են տեսնում, «Հանրապետություն» կուսակցության անունից ներողություն եմ խնդրում»:

«Ես դեմոկրատական, թավշյա հեղափոխության կողմնակից եմ», - ավելացրեց Արամ Սարգսյանը: - «Եվ գտնում եմ, որ երկրի միակ փրկությունը ժողովրդի փողոց դուրս գալն է»:

Ալբերտ Բազեյանը չբացառեց, որ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս եկած ղեկավար անդամները նոր կուսակցություն ստեղծեն. - «Ես ոչինչ չեմ բացառում, բայց դա միայն մեր ցանկությամբ պայմանավորված չէ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG