Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում են սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական քննարկումներն ու նիստերի դահլիճում երեկվա սկանդալային ելույթները: «Հավատ չներշնչեցին թե’ կոալիցիան եւ թե’ ընդդիմությունը», - եզրակացնում է «Ազգ»-ի մեկնաբան՝ հավելելով. - «Երեք օր հանրապետության ողջ բնակչությունը կարողացավ հիանալ հայրենական քաղաքական մշակույթը կրող ազգընտիրների «արհեստավարժության» դրսեւորումներով: Ոչ բովանդակային եւ չհիմնավորված ելույթներն ավելին չներկայացրին լայն հասարակությանը, քան ե՛ւ կոալիցիայի, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների նույնիսկ ոչ թե նեղ կուսակցական, այլ խիստ անձնակենտրոն մտածողությունը: Երկուստեք ջանացին փայլել լեզվապաշարի հարստությամբ, բազմաշերտությամբ ու հակառակ թեւից ասվածը «տղայավարի» հակադարձելու երբեմն անզուգական կարողությամբ: Հիանալի կերպով մոռացության տրվեցին քննարկվող նյութն ու դրա կարեւորությունը»:

«Առավոտ»-ն իր խմբագրականում պատկերավոր նկարագրելով Ազգային ժողովի ճաշարանում ընդմիջման ժամանակ «կողակի գլուխ եւ խաշ ուտելու մասին հայոց խորհրդարանականների խոսքուզրույցը»՝ սահուն անցում է կատարում երեկվա քննարկումներին ու եզրակացնում. - «Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները իբր քաղաքական ելույթներ էին ունենում, փոխարենը վերը նկարագրած խաշակերներից շատ հեռու չէին գնացել»: «Ասացեք խնդրեմ, ի՞նչ կապ ունեն սահմանադրական փոփոխությունների հետ Արտաշես Գեղամյանի լավ կամ վատ ելույթները միջազգային ատյաններում: Կամ թեմայի հետ ի՞նչ առնչություն ունի այն հանգամանքը, թե ինչպես էին սովորում բուհում Գագիկ Կոստանդյանի երեխաները, կամ ինչ գույնի են Հմայակ Հովհաննսիյանի մազերը», - հարցնում է հեղինակն ու պատասխանում. - «Մտքի եւ կուլտուրայի նման մակարդակը ցածր է ՀՀ միջին քաղաքացու մակարդակից ու եւս մի անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ այս պատգամավորները չեն ընտրվել... Քանի դեռ այդ մարդիկ պատգամավորներ են, մնացած բաների մասին խոսելն անիմաստ է»:

«Հայկական ժամանակ»-ի հոդվածագիրը խորհրդարանում կատարած դիտարկումների արդյունքում եզրակացրել է. - «Եթե երեկ սահմանադրական փոփոխությունների հիմնական դեբատները չավարտվեին, ապա ծեծկռտուքն ու դանակահարությունը խորհրդարանում դառնալու էր անխուսափելի»:

«Բոլոր ճանապարհները փակ են» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը փոխանցում է «Արդարություն» դաշինքի անդամ Հրանտ Խաչատրյանի կարծիքը արտահերթ նստաշրջանում քննարկումների վերաբերյալ. - «Եվրոպական կառույցների վերահսկողությամբ կարող էին ձեւավորվել կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ համագործակցության որոշակի տարրեր՝ ասենք, առավել կոռումպացված պետական մարմինների դեմ գործունեությամբ, որը կբերեր կադրային փոփոխությունների եւ դրական հիմք կդառնար 2007-2008 թվականների ընտությունների համար»:

«Հայաստանի Հանրապետության» թղթակիցն էլ արտահերթ նստաշրջանի եռօրյա քննարկումների արդյունքում բացահայտել է, որ «ընդդիմությունը բացահայտեց իր բուն ցանկությունը՝ քննարկումներին մասնակցելու իմիտացիա ստեղծել»: Թղթակիցը, միամիտների ուշադրությունը հրավիրելով, ընդգծում է, որ ընդդիմության մասնակցությունը ամենեւին էլ պայմանավորված չէր Սահմանադրության, ասել է թե՝ երկրի ճակատագրով մտահոգ լինելով: «Նախ նստաշրջանն ուղիղ եթեր հեռարձակվեց, ուստի անմիտ կլիներ առանց ավելորդ ծախսերի հեռակա միտինգներ կազմակերպելուց հրաժարվելը: Երկրորդ, Վենետիկի հանձնաժողովը նրանց հասկացրել էր՝ «երկրի ժողովրդավարացման ընթացքն ապահովողը միայն իշխանությունը չէ», - գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը:

«Հիմա ու՞մ են պատկանում մեր բաշխիչ ցանցերը. «Միդլենդ Ռեսուրսեզ»-ին, թե՞ ՌԱՕ ԵԷՍ-ին», - հարցնում է «Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանն ու շարունակում. - «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համոզված է, որ եթե պետական ռեեստրում բաժնետոմսերի սեփականատեր է նշված «Միդլենդ Ռեսուսեզ»-ը, ապա սեփականատերը հենց նա է»: Մեկնաբանի փոխանցմամբ, բազմաթիվ իրավաբաններ էլ համոզված են, որ միջազգային տնտեսական կանոններով շահույթը տնօրինողն է իրական սեփականատերը, այսինքն՝ ՌԱՕ ԵԷՍ-ը: Մինչդեռ հոդվածի հեղինակը, հիշելով խորհրդային տարիների անցյալը, եզրակացնում է. - «Այն, ինչ ունի մի քանի տեր, իրականում անտեր է»:

«Պաշտոնական տվյալներով, միայն Երեւանում սեպտեմբերին դպրոց կգնա 700-ից պակաս առաջին դասարանցի, քան նախորդ տարի», - կարդում ենք «168 ժամ» թերթի էջերում: Մեկնաբանը «Սեպտեմբերին պատահած ծանր դեպք» խորագրի ներքո վերջին տասը տարիներին հանրապետությունում ցածր ծնելիության, ամուսնությունների, առաջին դասարանցիների թվի նվազման մասին ցուցանիշները ներկայացնելուց հետո «սրտի ցավով» արձանագրում է. - «Դպրոցականների թվի նվազումն առաջին դասարանցիներով չի սկսվում: Այն սկսվել է արդեն մի քանի տարի: Ի վերջո, դպրոցների օպտիմալացումը դրա արդյունքն է: Այնպես որ, ժողովրդագրության արձանագրած բացասական հետեւանքներն իրենց վրա հերթով կրելու են հանրակրթական դպրոցը, բարձրագույն կրթության համակարգն ու բանակը: Այդ բացասական ազդեցությունը ո’չ հիմա, ո’չ էլ նկատելի ապագայում չի զգա աշխատանքի շուկան: Իրական աշխատատեղերի բացակայության պատճառով», - եզրակացնում է թերթի մեկնաբանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG