Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը պատրաստ է վճարել 400 հազար դոլարի տուգանքը


Օգոստոսի 12-ին Տնտեսական մրցակության պաշտպանության հանձնաժողովը շարժական կապի ցածր որակ ապահովելու եւ այդպիսով իր գերիշխող դիրքը չարաշահելու պատճառաբանությամբ 400 հազար դոլարով տուգանեց «ԱրմենՏել» ընկերությանը ու պարտավորեցրեց 10-օրյա ժամկետում վճարել տուգանքը։ Սակայն, հանձնաժողովի հենց այդ նույն նիստի ժամանակ «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենք համաձայն չեն նման որոշման հետ ու վարչական բողոք են բերելու՝ հավելյալ հիմնավորումներով։ Բնականաբար, այս ընթացքում տուգանքն էլ չէին վճարել՝ հույս ունենալով վերանայել տալ հանձնաժողովի վճիռը։

Սակայն, հանձնաժողովի այսօրվա նիստից հետո «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները ընդունեցին կայացված որոշման իրավացիությունը ու վաղը, ամենայն հավանականությամբ, պետական բյուջե կփոխանցեն 400 հազար դոլարի տուգանքը։ Մոտ երկու ժամ տեւած նիստը «ԱրմենՏել»-ի պահանջով կոմերցիոն գաղտնիք չհրապարակելու նկատառումներով անցավ փակ դռների ետեւում։

Նիստից հետո զգացվում էր, որ, ի տարբերություն նախորդ նիստի, կողմերը այս անգամ խաղաղությամբ են բաժանվել, քանի որ «ԱրմենՏել»-ի վարչական բողոքը մասամբ բավարարվել է: Ընկերության շահերը ներկայացնող իրավաբան Արտակ Խաչատրյանը նիստից հետո ասաց. - «Փաստարկները լսելի եղան: Փաստարկների մի մասը ընդունվեց անգամ: Մեր վարչական բողոքը մասնակիորեն բավարարվեց: Այնուամենայնիվ, տուգանքի մասին որոշումը մնաց անփոփոխ»:

«ԱրմենՏել»-ն իր վարչական բողոքում շեշտել էր, թե որեւէ նորմատիվ ակտով ֆիքսված չէ բջջային կապի որեւէ ստանդարտ. ասենք, պահանջ դրված լինի, որ յուրաքանչուր 100 զանգից պետք է առնվազն 95-ը հասանելի լինի։ Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանի, թեեւ հանձնաժողովը այս փաստարկն ընդունեց, սակայն, «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչն էլ իր հերթին ընդունեց, որ հունիսի 30-ին հաջորդած ժամանակահատվածում իր ընկերութունը չի կարողացել անխափան ու որակյալ շարժական կապ ապահովել։

«ԱրմենՏել»-ը շարժական կապի վատացման, ինչպես նաեւ երկրորդ օպերատորի պարտադրած մրցակցության պատճառով ոչ թե գերշահույթներ, այլ որոշակի վնասներ է կրել ու պատրաստվում է դրանք փոխհատուցել այլ՝ թերեւս խիստ կասկածելի աղբյուրներից։ Խոսքը ստացիոնար կապի սակագների հնարավոր բարձրացման մասին է։ Ու այս պահին նման պահանջով հայտ է նախապատրաստում՝ կարգավորող մարմին՝ տրանսպորտի եւ կապի նախարարություն ներկայացնելու համար։

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը այսօր հաստատեց այդ տեղեկությունը՝ հիշեցնելով, որ սակագների ճշտման հայտը կարգավորող մարմին ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։

Որոշ տեղեկություններով, նոր, ավելի բարձր սակագները «ԱրմենՏել»-ում հույս ունեն գործի դնել եկող տարվա հունվարի 1-ից։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG