Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում սկսվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները


Երկուշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը սկսեց Սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ: Քննարկմանը մասնակցում է նաեւ ավելի քան 1,5 տարի օրինաստեղծ աշխատանքը բոյկոտած խորհրդարանական ընդդիմությունը:

Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները քննարկումների նախօրեին հնչեցրել էին իրենք անհամաձայնությունը քննարկման դրված փոփոխություններին՝ պահանջելով ընդունել իրենք կողմից ներկայացված ավելի էական փոփոխությունները:

Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվող նիստը սկսվեց ընդդիմադիր պատգամավորների եւ խորհրդարանի ղեկավարության միջեւ վիճաբանությամբ: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը տարակուսեց, թե նախագահ Քոչարյանի հրամանագրով արտահերթ նստաշրջանը հրավիրվել է քննարկելու «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (փոփոխություններ)» օրակարգով, մինչդեռ, իրականում օրակարգ է բերվել ոչ թե Սահմանադրությունը՝ փոփոխություններով, այլ Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները:

Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը դա որակեց «պարզ շահարկում»՝ կոչ անելով անցնել «կոնստրուկտիվ աշխատանքի»:

Շավարշ Քոչարյանը, իր հերթին, Արթուր Բաղդասարյանին մեղադրեց շահարկումների մեջ: Ի վերջո, հայտարարված ընդմիջումից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ օրենքը կընդունվի «Սահմանադրություն մեջ կատարված փոփոխություններ» վերնագրով:

Այսօրվա նիստին սպասվում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուկիկիոյի գլխավորած պատվիրակության մասնակցությունը: Պատվիրակությունը, սակայն, Հայաստանի չի ժամանել: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի պարզաբանմամբ, դրա պատճառը շատ «պրոզաիկ է»՝ պատվիրակությունը պարզապես ուշացել է ինքնաթիռից:

Բոյանա Ուրումովան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Բուկիկիոյի հիմնական ասելիքն այն էր լինելու, որ «քննարկումները պետք է շարունակվեն եւ փոփոխությունները պետք է հաստատվեն»:

«Սա, իհարկե, կատարյալ տեքստ չէ, եւ ամենքը չէ, որ երջանիկ են դրա բովանդակությամբ: Սակայն սա լավ փոխզիջում է: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն քննարկումները եւ իրական քաղաքական համաձայնություն կկայացի, ու նոյեմբերյան հանրաքվեն էլ հաջող ավարտ կունենա», - ավելացրեց նա:

Ավելի ուշ, ելույթ ունենալով Ջիանի Բուկիկիոյի անունից, Ուրումովան Հայաստանի խորհրդարանին փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի խոսքը. - «Մենք ամբողջապես պաշտպանում ենք Սահմանադրության այս տեքստը»:

Քննարկումները կշարունակվեն վաղը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG