Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյան. «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը շարունակում է մնալ բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփանակատերը»


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երկւոշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում վերահաստատեց հանձնաժողովի օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանի բաշխիչ ցանցի սեփականատեր «Միդլենդ Ռիսորսիզ հոլդինգ»-ի եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունների միջեւ հունիս ամսին կնքված գործարքը համապատասխանում է Հայցանցին տված լիցենզիայի պահանջներին:

Հանձնաժողովի եւ անձամբ պարոն Նազարյանի համար համոզիչ են եղել «Միդլենդ»-ի հետեւյալ փաստարկները. - «Տնօրենների խորհրդի կազմը ամբողջությամբ պահպանվել է: Բանկային հաշիվները չեն փոխվել, կադրային փոփոխություններ չեն կատարվել՝ առանց հանձնաժողովի հետ համաձայնեցման: «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը շարունակում է մնալ բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփանակատերը»:

Պարոն Նազարյանը հավելեց, թե իրավական տեսակետից իրենք հիմքեր չունեն կասկածի տակ դնելու «Միդլենդ»-ի կատարած գործարքը, քանի որ չկա այդ ընկերության տնօրենների խորհրդի որեւէ արձանագրություն, որտեղ նշված լինի, թե Հայցանցի բաժնետոմսերի «գոնե մեկ երրորդը օտարված լինի երրորդ կողմի»։ Այդուհանդերձ, պարոն Նազարյանը շեշտեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի բաշխիչ ցանցի վաճառքի պայմանագրի կողմ չէ՝ ակնարկելով, թե բոլոր հարցերն ու պարզաբանումները կարող են ամբողջական լինել, եթե խնդիրը քննարկվի նաեւ բաժնետոմսերի առուծախի պայմանագրի դիտանկյունից, որի կողմերը Հայաստանի կառավարությունը եւ «Միդլենդ Ռիսորսիզ» ընկերությունն են։

Պայմանագրի կողմը, այսինքն՝ կառավարությունն ի դեմս Էներգետիկայի նախարարության, իր հերթին, նույնպես պարզաբանումների պահանջով դիմել է «Միդլենդ» ընկերությանը: Առայժմ, դատելով էներգետիկայի նախարարության լռությունից, դեռեւս ասելիք չկա։

Փոխարենը գործարքի շուրջ մեկնաբանություններ են արել ՌԱՈ ԵԷՍ-ի պատասխանատուները՝ իհարկե իրենց շահերի դիտանկյունից։ Մասնավորապես, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության փոխտնօրենը հուլիսի վերջին Երեւանում պնդեց, թե իրենք 99 տարով ընդամենը ձեռք են բերել Հայցանցի ներդրումների եւ եկամուտների կառավարման իրավունքը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայցանցի շուկայական գնից 33 միլիոն դոլար ավելի են վճարել, պատասխանել էր, թե այդ հավելյալ գումարը վճարել են, որպեսզի հետագայում Հայցանցի բաժնետոմսերը առաջնահերթ գնելու իրավունք ստանան։ Մինչդեռ, նրա խոսքերով, այժմ ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ընկերությունը «Միդլենդ»-ից գնել է սոսկ Հայցանցի հավատարմագրային կառավարման իրավունքը։

Հարցին, թե նման պայմաններում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ումից պետք է պահանջի կատարել ներդրումային ծրագիրը՝ «Միդլենդ»-ի՞ց, թե՞ ՌԱՈ ԵԷՍ-ից, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե նման խնդիր «գոնե ուղղակիորեն» օրակարգում դրված չէ:

«Մենք լիցենզիայում ներդրումների մասով որեւէ դրույթ չենք ամրագրել», - պարզաբանեց նա: - «Մենք ընդամենը այնպիսի չափորոշիչներ ենք ամրագրել, որ նրանք պարտավոր են մեր բաժանորդներին ապահովել որակյալ ծառայություն»:

Այդուհանդերձ, էներգամատակարար ընկերությունը պարտավոր է հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել իր տարեկան ներդրումային ծրագիրը: Հայցանցի անցյալ տարվա ներդրումային ծրագրի կատարումը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը անբավարար էր գնահատել: Այս տարվա ներդրումների կատարման հետ կապված խնդիրներ նույնպես կան:

«Մենք շատ դժգոհ ենք Հայաստանի էլցանցեր ընկերության կողմից մեզ հետ համաձայնեցված ներդրումային ծրագրի կատարման ընթացքից», - ասաց Նազարյանը: - «Մենք արդեն մեր մտահոգությունը հայտնել ենք, որ այն ծավալները, որոնք 2005 թվականի առաջին երկու եռամսյակների ընթացքում իրենք կատարել են, չի կարող ապահովել ամբողջ ծավալի իրականացումը, եթե նրանք նույնիսկ փորձեն 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում մեծ տեմպ հաղորդեն իրենց աշխատանքներին»:

Ցանցերի վաճառվել-չվաճառվելու խնդիրը, մինչդեռ, դեռեւս օրակարգից դուրս չի եկել։ Հայաստանի միջազգային դոնորները առայժմ ձեռնպահ են մնում որեւէ գնահատականից կամ արձագանքից։ Սպասում են կառավարության խոսքին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG