Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 27-ը օգոստոսի)

«Մի քանի օր առաջ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր, Գորիսի նստավայրում նախագահող Իգնատ Բեգլարյանը ենթարկվել է դաժան ծեծի: Նա երեխայի հետ փողոցն անցնելիս է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահները մեծ արագությամբ մեքենան վարելով անցել են նրանց կողքով, դատավորը դիտողություն է արել նրանց: Մարզպետի թիկնապահները իջել են մեքենայից եւ դատավորին ծեծի ենթարկել: Արդյունքում դատավորը հայտնվել է հիվանդանոցում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հստկացնելով. - «Այս տեղեկատվությունը արդարադատության նախարարությունում հաստատեցին: Պատահարը չի գրանցվել ոստիկանությունում, քրեական գործ չի հարուցվել, քանի որ դատավորը չի բողոքել»:

Հայաստանյան բոլոր թերթերը տպագրել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը, ուր նշված է. - «Ազգային ժողովի անդամները երկուշաբթի օրը պատրաստվում են քննարկել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները ու հուսով ենք, որ նրանք գիտակցում են այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձում են իրենց հայրենակիցների առաջ Հայաստանի Հանրապետության համար լավագույն սահմանադրական դրույթների շուրջ համաձայնության գալու հարցում: Երկուշաբթի օրը կայանալիք քննարկումներն ու դրանց հաջորդող գործընթացը կընկալվեն որպես Հայաստանում քաղաքական զարգացման աստիճանի ցուցանիշ»:

Երկրում քաղաքակական զարգացումները ավելի ժողովրդավարական կլինեն, եթե ընդդիմությունն իր մասնակցությունը բերի սահմանադրական գործընթացին: Այսքանից հետո իրենց գործն է՝ աջակցե՞լ, թե՞ բարեփոխումներին «ոչ» ասել: Բայց որ ընդդիմությունը առնվազն պետք է որ մասնակցի այդ քննարկումներին, կարծում եմ, ակնհայտ է», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրուցում ասում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Ուոթ Էբոթը:

Ընդդիմությունն ու իշխանությունը Սահմանադրության նախագծի բովանդակության մասով իրար հետ խոսելու եւ իրար ապացուցելու որեւէ բան այլեւս չունեն, եւ օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանը, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, երկու կողմերն էլ վերածելու են քաղաքական դիվիդենտներ շահելու մրցավազքի», - փաստում է «Հայկական ժամանակ»-ը: «Գոլոս Արմենիի»-ին, ասես, արձագանքում է. - «Դա կլինի արտահայտիչ, բայց, ավաղ, անարդյունք ներկայացում... Հարցի էությունը խորը կթաղվի մի փունջ կոչերի, լոզունգների, նվնվոցների, անառակելի թեզիսների եւ ժողովրդի անունից խոսելու փորձերի տակ»:

«Ընդդիմությունը մտածում է, որ հանրաքվեի ժամանակ դրական դիրքրոշում արտահայտելու դեպքում կհամարվի, թե իրենք պարտվեցին, իսկ իշխանությունը հաղթեց: Բայց իրականում այդպես չէ. եթե նախագիծը տապալվի, տուժելու է Հայաստանն առհասարակ, եւ դրա դրսեւորումները իրենց երկար սպասեցնել չեն տա», - «Հայոց աշխարհ»-ին փոխանցել է Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: - «Իսկ հանրաքվեի դրական ելքի դեպքում շահում են բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը եւ, ամենակարեւորը, ժողովուրդը: Որովհետեւ հիմքեր կստեղծվեն նաեւ հետագա ընտրությունները Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար»:

«Հզոր հայրենիք»-ը լուրջ անհանգստություն ունի, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է կազմակերպվի ներկայիս հանձնաժողովներով, որոնք, ըստ էության, նախկինն են», - «Առավոտ»-ում ասում է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: - «2003-ին ժողովուրդը տեսել է, թե այդ հանձնաժողովների անդամներն ինչեր են արել. միայն դա բավական է, որ մարդիկ հիասթափվեն այս ամենից: Կոալիցիոն ուժերը կոչ են անում հանդուրժողականության, երբ ամեն ինչ արդեն արել-վերջացրել են... Քաղաքական կուսակցությունները բացարձակ դերակատարում չունեն: Դերակատարումն անցել է այլ ոլորտի մարդկանց ձեռքը, իսկ կուսակցությունները միայն ֆոն են ստեղծում»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով՝ մի բան հստակ է. - «Առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների դիմանկարի ստերեոտիպը մեծ հաշվով փոփոխություն չի կրի»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG