Մատչելիության հղումներ

Ապապետականացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը


Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որոշում ընդունեց «Մշակութային կենտրոն» եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մարզամշակութային կենտրոն» - կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձեւով օտարել Ռուսաստանի Դաշնությունում գրանցված եւ գործող, նախօրոք հայտնի գնորդ ԲԱՄՕ ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող առեւտրային կազմակերպությանը:

Կառավարության շենքի դիմաց առավոտյան ժամը 10-ից շուրջ երկու տասնյակ մարդik բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Համալիրը համաժողովրդական կառույց է», «Ժողովուրդը տերն է իր ստեղծածի», «Պետությունը տնամերձ չէ իշխանության ձեռքում» կարգախոսներով:

Բողոքավորների թվում էր նաեւ Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսկացության (ՀԺԿ) վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:

«Բնական է, որ Կարեն Դեմիրճյանի կենտրոնը երբեք չի կարող որեւէ մեկի սեփականությունը լինել», - դեռ մինչեւ կառավարության որոշման ընդունումը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ ավելացնելով. - «Դա համաժողովրդական արժեք է, եւ չի կարելի համաժողովրդական այդպիսի կառույցը օտարել ժողովրդից»:

Իսկ ԲԱՄՕ ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսոազրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչու են մարդիկ բողոքում:

«Ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար են դեմ, երբ պահպանվելու է այդ համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը՝ դա շարունակելու է ծառայել որպես սպորտային, համերգային միջացառումներ կազմակերպելու [վայր], երբ այստեղ կատարվելու են վերանորոգնամ աշխատանքներ, երբ այս համալիրը պահպանելու է Կարեն Դեմիրճյանի անունը», - ասաց նա:

Ընկերության նախագահի խոսքով, առաջիկա 10 օրերի ընթացքում արդեն հանրությանը կներկայացվի համալիրում կատարվելիք աշխատանքների նախագիծը եւ եթե դրանից հետո ժողովուրդը դեմ լինի մասնավորեցմանը եւ հավաքվի 200 հազար ստորագրություն, իրենք «հաշվի կնստեն հասարակական կարծիքի հետ»:

Մուրադ Մուրադյանը վստահ է, որ համալիրն անհրաժեշտ է մասնավորեցնել:

Կառավարության 1998 թվականի որոշմամբ համալիրը գնահատվել է 5 մլն 935 հազար դոլար: Գնորդի առաջարկով վաճառքի գին է սահմանվել նշված գումարի 90 տոկոսի չափով: Գնորդը նաեւ իրավունք է ստանալու 50 տարով վարձակալելու կառույցի զբաղեցրած հողատարածքը: 3 տարվա ընթացքում պետք է ավելի քան 8,5 մլն դոլարի ներդրում կատարի, որի հիմնական մասը հատկացվելու է մարզական կառույցների հիմնանորոգմանը:

Պետական գրանցում ստանալուց հետո գնորդը պարտավոր է համալիրի 99 աշխատողների հետ առնվազն 6 ամիս ժամկետով՝ նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձով պայմանագրեր կնքել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG