Մատչելիության հղումներ

Քննարկվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ներկայացված ծրագիրը


Չորեքշաբթի օրը եռօրյա այցով Հայաստան են ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երեք անդամներ՝ հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկելու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային Հայաստանի ներկայացրած ծրագիրը:

Ծրագրված են նրանք այցերը այն վայրերը, որտեղ, Հայաստանի ներկայացրած ծրագրի ընդունման դեպքում, իրականացվելու են ներկայացված նախագծերը:

Պատվիրակության անդամները հինգշաբթի օրը արդեն հանդիպումներ են ունեցել ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունում:

Անցած մարտ ամսին Հայաստանը 4-ամյա ծրագիր է ներկայացրել կորպորացիային՝ 178 մլն դոլարի արժողությամբ: Ծրագիրը ուղղված է հիմնականում առավել աղքատ գյուղական շրջանների ճանապարհաշինությանն ու ոռոգման ցանցերի վերականգնմանը: Նախատեսվում է մինչեւ 2009 թվականը այս ծրագրի շնորհիվ գյուղական շրջաններում աղքատությունը նվազեցնել 5 տոկոսով: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ծրագիրը ընդունվի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից:

Հարեւան Վրաստանի ներկայացրած 5-ամյա ծրագիրը, մինչդեռ, արդեն հաստատվել է: Այն նույնպես ուղղված է գյուղական շրջանների ենթակառուցվածքների վերականգմանը եւ տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում ստացվելիք 295 միլիոն դոլարից 102 միլիոնը Վրաստանի իշխանությունները մտադիր են ուղղել Սամցխե-Ջավախեթիի հիմնական ճանապարհների վերակառուցմանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG