Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականն այսօր հետադարձ հայացքով այսպես է գնահատել անկախության օրվա կապակցությամբ երեկ կայացած հատուկենտ միջոցառումները. - «Անկախության հռչակագրի ընդունման 15-ամյա տարելիցը պետք է որ բնակչության առնվազն 3 տոկոսի համար հիշարժան, էլ չենք ասում՝ նշարժան լիներ: Այդպե՞ս էր արդյոք: Ամենեւին: Անկախության հռչակագրի ընդունման տարելիցը նշվել է խիստ նեղ «կռուգներով»: Ենթադրելի է, որ այն նշել են հռչակագրի բուն հեղինակներն ու նրանց համախոհ-մտերիմները: Տարելիցը թերեւս չեն նշել, բայց պաշտոնի բերումով մի կեսբերան հիշել են նաեւ ներկաները՝ մի քանի տափակ ուղերձներով եւ նույնքան տափակ միջոցառումներով: Իսկ այսպես կոչված՝ լայն զանգվածները ոչ միայն չեն փառերգել օգոստոսի 23-ի խորհուրդը, այլեւ նույնիսկ չեն էլ մտաբերել կամ պարզապես տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը»: Փոխարենը, ըստ թերթի, բնակչության որոշակիորեն ոչ փոքր հատվածներ շատ լավ գիտեն ու նաեւ ակամա հիշում են որեւէ պետական, տնտեսական կամ քրեական (հաճախ՝ բոլորը միասին) «հեղինակության» կամ նրա զավակի ծննդյան տարեդարձը. - «Չհիշել չեն կարող, որովհետեւ այդպիսի օրերին իրենց կորցրած այդ բիրդաններն այնպիսի հրետանային համազարկեր են տալիս, որ քիչ է մնում շարքից դուրս գան անգամ իրենց իսկ աճեցրած «էլիտար» նորակառույցները»:

Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում պնդումներին՝ թե եվրոպական կառույցները հակված են ճնշելու, որ իշխանությունները ամեն գնով, նույնիսկ կեղծիքներով ապահովեն Սահմանադրության հանրաքվեի դրական արդյունքը, հակադարձել է. - «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը oրերս արձանագրեց, որ հանրաքվեի դրական արդյունքը ցանկալի է, քանզի սահմանադրական փոփոխությունների նախագիծը բավարարում է միջազգային չափանիշներին։ Սակայն չմոռանանք, որ յուրաքանչյուր հանրաքվե տվյալ սուվերեն պետության քաղաքացիների կամքի արտահայտությունն է, եւ որեւէ մեկը չի կարող ճնշել կամ այլ կերպ ազդել դրա արդյունքների վրա»։

«Հայկական ժամանակ»-ը, փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի կարծիքը «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված «Քոչարյանը դավաճանում է Ռուսաստանին» հոդվածի վերաբերյալ, թե դա «նեղ մտածողության արգասիք է», իր հերթին շեշտադրել է. - «Շատ ավելի հավանական է, որ այդ նեղ մտածողությունը տիրում է ռուսական իստեբլիշմենտի շրջանում։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նեղ մտածողության հարուցիչները ռուսական վերնախավին են փոխանցվել Հայաստանի ղեկավարությունից... Մի՞թե նեղ մտածողության արդյունք չէ «Գույք պարտքի դիմաց ծրագիրը», մի՞թե նեղ մտածողության արդյունք չէ Հայաստանի էներգետիկ հզորությունների 80 տոկոսը Ռուսաստանին հանձնելը, մի՞թե նեղ մտածողության արդյունք չէ ի հեճուկս ՀՀ օրենսդրության եւ դոնոր կազմակերպությունների, Հայաստանի էլեկտրացանցերը ռուսական ընկերությանը հանձնելը», - շեշտադրել է թերթը։

«Լեռը մուկ ծնեց». «Հայոց աշխարհ»-ն այսօր այսպես է որակել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա հայտարարությունը, որով գնահատականներ են տրված Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերության պատասխանին։ Հանձնաժողովի հարցումը, թերթի շարադրմամբ, նպատակ ուներ պարզել, թե որքանով են հիմնավորված այն պնդումները, որ իրականում տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի քողարկված վաճառք ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը՝ ցանցերը հավատարմագրային կառավարման հանձնելու տեսքով: «Հայոց աշխարհ»-ը այդ կապակցությամբ նշել է. - «Սպասվում էր, որ արդյունքում վերջապես պարզ կլինի՝ խախտվե՞լ են ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը եւ լիցենզիայի պահանջները, թե՞ ոչ։ Սակայն հանձնաժողովի հայտարարությունն իրենից ներկայացնում է վերացական մի տեքստ, որը, ըստ էության, ոչինչ չի ասում բաշխիչ ցանցերի շուրջ կնքված գործարքի եւ դրա օրինականության մասին։ Այս տեքստից թերեւս կարելի է ընդամենը ենթադրել, որ, չնայած ի սկզբանե հնչեցրած բարձրագոչ հայտարարություններին, հանձնաժողովը լիցենզիայի պայմանների խախտում, ըստ էության, չի տեսնում կնքված գործարքում։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերի վաճառքի պայմանագրին, ապա դրա օրինականությունն իր վրայից ուղղակիորեն գցում է կառավարության վրա»։

Այսօրվա մամուլը լայնորեն անդրադարձել է արտարժույթի շուկայի հերթական վայրիվերմանը: Մասնավորապես «Ազգ»-ը գրել է, թե վերջին օրերին հայկական դրամն այնպիսի արագությամբ է արժեզրկվում, որ փոխանակման կետերի աշխատակիցներն օրվա մի մասն անցկացնում են թվեր հանել-դնելով. - «Փոխանակման կետերի մի մասն ընդհանրապես փակ է, որովհետեւ մարդիկ ռիսկի չեն դիմում»: Թերթի մեկնաբանը, վերլուծելով դրամի կտրուկ արժեզրկման պատճառը, կասկածի տակ է առել Կենտրոնական բանկի այն բացատրությունը, թե դա պայմանավորված է չինական յուանի վարքագծով եւ հարց է տվել՝ ինչպե՞ս է պատահում, օրինակ, որ չինական յուանի պատճառով չեն արժեզրկվում մեր անմիջական հարեւան հանրապետությունների արժույթները. - «Վերջին 5 շաբաթներին, ի տարբերություն դրամի, վրացական լարին բացարձակապես չի արժեզրկվել, չի արժեզրկվել նաեւ ադրբեջանական մանաթը»: Զարգացնելով դրամի արժեզրկման թեման՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանն իր հերթին նկատել է, թե դրամը սկսեց արժեզրկվել այն բանից հետո, երբ «մեկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը շուկայից հանեց ավելի քան 13 մլն դոլար ու մինչ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի էր ունենում դոլարի արժեվորում, Հայաստանում ամերիկյան արժույթը նույն հաջողությամբ շարունակում էր արժեզրկվել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG