Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինը


Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինին (Howard B. Dean):

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրույցի ժամանակ կարեւորվել է հայ-ամերիկյան հարաբերությունների բոլոր ուղղություններով ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ դրա հետագա խորացումը որպես Հայաստանի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավականներից մեկը:

Այդ կապակցությամբ նշվել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատման խնդիրը շարունակում է մնալ ԱՄՆ ուշադրության կենտրոնում:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող ներկա վիճակին, քաղաքական եւ տնտեսական զարգացման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին եւ մի շարք այլ խնդիրների:

Այսօր Հովարդ Դինին ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ Դաշնակցության հրավերով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինը շաբաթ օրը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG