Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ովքե՞ր են պետությունը» խորագրով խմբագրականում «Հայկական ժամանակն» այսօր փոխանցել է նախագահ Քոչարյանի կողմից իր վերահսկողական ծառայության բնորոշումից ստացած տպավորությունը. - «Ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը արտասանում է «իմ վերահսկողական ծառայություն» արտահայտությունը, կարծես ասում է` պետությունը ես եմ: Մյուս կողմից, սակայն, այս փոքրիկ մենթալիտետային արտահայտությամբ նա նաեւ ամփոփ պատկերացում է տալիս արդի Հայաստանի մասին, գրել է թերթն ու նկատել, թե Քոչարյանը ամենեւին էլ չի կեղծում, երբ ասում է «իմ վերահսկողության ծառայություն», որովհետեւ գոնե ինքը գիտի, որ ինքը ոչ թե ինստիտուտ նախագահ է, այլ անձ նախագահ:

«Հայկական ժամանակ»-ի բնորոշմամբ, «եթե նա որոշել է, որ Երեւանի Կենտրոնը պետք է վերածվի վետերոկի, ուրեմն այդպես էլ պետք է լինի, եթե որոշել է, որ որեւէ լրատվամիջոց պետք է փակվի, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

Ըստ թերթի, Ռոբերտ Քոչարյանը իրականում համեստություն է անում, երբ ասում է «իմ վերահսկողության ծառայությունը»: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նա ասեր` իմ ջահելներից` Վահրամը, իմ ջահելներից՝ Գոքորը, իմ ջահելներից` Ալիկը: Կառավարության մասին խոսելիս Քոչարյանը կարող է օգտագործել` Անդոյի «արենդավատ արած» հիմնարկը, կապի եւ տրանսպորտի նախարարության մասին` Հրեշտակ Անդոյի «արենդավատ արած» հիմնարկը եւ այլն եւ այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպիսի արագությամբ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ընկալել հայերենի խորքային եւ ենթաիմաստային շերտերը:

Իր հերթին «Առավոտն» այսօրվա համարում փորձել է ուրվագծել Ռոբերտ Քոչարյանի կողմից նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու հնարավոր սցենարներից մեկը. - «2008 թվականի փետրվարին նախագահի ապարատում մի խումբ հայտնի մտավորականների ստորագրությամբ մի տեքստ են գրելու, որի համառոտ բովանդակությունը հետեւյալն է լինելու. «Թանկագին Ռոբերտ Սեդրակի: Մենք՝ մի խումբ մտավորականներս, խորապես մտահոգված ենք, որ 2008 թվականի ընտրություններից հետո Հայաստանը կարող է հայտնվել մի խումբ արկածախնդիրների ձեռքում, որոնք մեր երկիրը կտանեն կործանման: Ուստի մեր ողջ ժողովրդի անունից թախանձագին խնդրում ենք Ձեզ՝ եւս 5 տարի ղեկավարել մեր պետությունը, որպեսզի ապահովվի նրա կայունությունն ու զարգացումը»: Ըստ թերթի վարկածի, այդ նամակի տակ կստորագրի մոտավորապես 644 մտավորական: Հաջորդ օրերին նմանատիպ կոչերով նախագահին կդիմեն Հայաստանի գրեթե բոլոր աշխատավորական կոլեկտիվները:

«Առավոտ»-ի մատուցմամբ, մեր նախագահը՝ չափազանց օրինապաշտ մարդ լինելով, հենց այնպես ընդառաջ չի գնա աշխատավորների բազմաթիվ խնդրանքներին: Նա սկզբում կդիմի իր անկախությամբ հայտնի Սահմանադրական դատարանին: Վերջինս շատ լուրջ կմոտենա հարցին եւ երեք օր կանցկացնի խորհրդակցական սենյակում: Դրանից հետո Գագիկ Հարությունյանը մոտ 3,5 ժամ կկարդա ՍԴ-ի վճիռը, որից շարքային քաղաքացիները ոչինչ չեն հասկանա: Սակայն երեկոյան «Հայլուրը» կբացատրի վճռի իմաստը. այն է՝ սա Ռոբերտ Քոչարյանի ոչ թե երրորդ, այլ առաջին ժամկետն է, եւ նա իրավունք ունի եւս երկու անգամ առաջադրվելու:

«Հայական ժամանակ»-ն այսօր իր վարկածն է առաջադրել այն մասին, թե ինչու Հայաստանի իշխանության վերնախավը ներկայացնող մի շարք պաշտոնյաներ սկսել են հետապնդել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Այդ կապակցությամբ թերթը գրել է.
«ՀՀ իշխանական օլիգարխիան ներկայացնող մի խումբ անձինք, որոնք հավակնում են դառնալ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, Լ.Ալավերդյանի գործողություններում նախագահական ամբիցիաներ են նկատել: Եւ եթե այս հայացքով ես նայում Օմբուդսմենի գործողություններին, այդ ամբիցիաները ավելի պարզորոշ են նկատվում: .. Ամեն դեպքում Լ.Ալավերդյանը ՀՀ հաջորդ նախագահ դառնալու հիմնական պայմանին բավարարում է. խոսքը ծագումով հայտնի կողմերից լինելու մասին է»:

«Նոր հերթափոխը մեկնեց Եվրոպա» վերնագրի տակ «Առավոտ»-ն այսօր տեղեկացրել է, թե Եվրոպա հանգստի մեկնած վարչապետ Մարգարյանին ուղեկցող գործարարների շարքում են Ավանի աղի հանքի տնօրեն, Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը, «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը, «Կիլիկիա» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: Թերթի տեղեկություններով օրերս սպասվում է Սերժ Սարգսյանի «ղեկավարած» պաշտոնյաների եւ գործարարների վերադարձը Երեւան։

Նույն թերթն այսօր փոխանցել է «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահ Հովհաննես Հովաննիսյանի կարծիքը աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հնարավոր ընթացքի վերաբերյալ։ Կուսակցապետի համար «ամեն ինչ պարզ է» այն օրից՝ «երբ վարչապետի տղան «առանց ալտերնատիվ» սկզբունքով դարձավ Ավանի թաղապետ: Նույն տրամաբանությունը շարունակվում է»: Նախկին իշխանավորը համոզված է, որ Հայաստանի տարածքում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են ֆարսի. «Ում կռիշան ավելի հզոր է, ով, որտեղից եւ ինչ աջակցություն կունենա, ում պապան է ավելի լավը եւ ում քսակն է ավելի հաստ, կոալիցիոն որ ուժն ինչ ազդեցություն ունի՝ սա է ՏԻՄ ընտրությունների ողջ տրամաբանությունը: Հայաստանը մտնում է մի փակուղի, որից իշխանությունները դուրս գալու ելք չեն ունենա, իրենք իրենց ետեւից եւ առջեւից փակում են բոլոր դռները, այրում են բոլոր կամուրջները»:

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG