Մատչելիության հղումներ

Շարունակվում է Եքթան Թյուրքիլմազի դատավարությունը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում երկուշաբթի օրը շարունակվեց մաքսանենգության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացի, ազգության քուրդ, 33-ամյա գիտնական Եքթան Թյուրքիմազի նկատմամբ դատավարությունը: Դատական նիստին ներկա էին Թուրքիայի «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը եւ Թյուրքիլմազի գիտական հետազոտության ղեկավար, ամերիկյան Դյուք համալսարանի մշակութային մարդաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Օրին Սթարնը:

Դատավարության ընթացքին որպես թղթակից մեկ օրով հետեւելու համար այսօր Երեւան ժամանած Հրանտ Դինքը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց. - «Եքթանը գող չէ: Եքթանը կրիմինալ մեկը չէ, հանցավոր մը չէ: Եքթանը պարզապես լուրջ մտավորական մըն է, բայց անգիտակցաբար այդ հանցանքն է գործել»:

Նրա տպավորությամբ, միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի օրենքը խիստ է երեւում, երբ գրքի ու վտանգավոր զենքի մաքսանենգությունը նույն բանն է:

«Եքթանը իրական ակադեմիական մըն է եւ հայերուն օգնող», - հարցի մեկ այլ կողմի անդրադարձով նա՝ հավելելով, որ Եքթանը Հայ դատի, Ցեղասպանության պաշտպանության գործում Թուրքիայում հայերին սատարող սակավաթիվ թուրք մտավորականներից մեկն է:

Հրանտ Դինքը մեկն է մոտ երկու հարյուր մտավորականներից, որոնք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ են հղել այս առիթով: Ասաց, որ առայժմ պատասխան չունեն:

«Նպատակ չունենք միջամտելու Հայաստանի օրենքներին, բայց Հայաստանն աշխարհում չդառնա՞ անհամարժեք պատիժների երկրի օրինակ», - ավելացրեց նա:

Դինքի տպավորությամբ, Հայաստանից սփյուռք անընդմեջ հոսում են գրքեր, բայց պատժում են միայն այսպիսի մարդուն: Փոխանցեց նաեւ, որ Թուրքիայի կառավարությունը առայժմ ո’չ շահարկում, ո’չ էլ հետաքրքրություն է ցուցաբերում այս առիթով՝ չբացառելով թեեւ, որ Թուրքիա վերադառնալու դեպքում Եքթանը այնտեղ էլ խնդիրներ ունենա:

Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինայի Դյուք համալսարանի մշակութային մարդաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Օրին Սթարնը, որը Եքթանի գիտական հետազոտության ղեկավարն է, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ ինքն իրավաբան չէ, առաջին անգամը լինելով՝ եկել է Հայաստան, պարզապես իր աջակցությունը հայտնելու Եքթանին՝ ներկայացնելով Դյուք համալսարանը, որտեղ Թյուքիլմազը գիտական ուսումնասիրություն է կատարում Արեւելյան Անատոլիայի պատմության շուրջ:

«Եքթանը շատ տարված է փաստով, որն անվանում են 1915 թվականի Հայոց ցեղասպանություն: Գրել, խոսել է այս մասին, իրեն նվիրել է այս տարածաշրջանի պատմությունն ավելի լավ հասկանալուն: Նա Հայաստանն ու հայ մշակույթը սիրող մեկն է, նա հայերեն է սովորել որպես այս երկրով շատ խորը մտահոգ մարդ»:

Եքթան Թյուրքիլմազը ռազմավարական կարեւոր նշանության մշակութային արժեքի մաքսանենգության մեջ իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում՝ մեղքն ընդունելով միայն մաքսանենգության փորձ անելու համար՝ պնդելով, որ «օրենքին ծանոթ չի եղել ու չի ունեցել օրենք խախտելու մտադրություն»: Առաջադրված այս մեղադրանքն ապացուցվելու դեպքում, համակցված, նրան չորսից վեց տարի ազատազրկում է սպառնում:

Իսկ դատական այսօրվա նիստում մեղադրող Կորյուն Փիլոյանի՝ երկու խումբ մարտավարական հարցերից մեկը վերաբերում էր, թե որտե՞ղ է 1885 թվականին Վենետիկում հրատարակված Ղեւոնդ Ալիշանի «Սիսավան եւ Կիլիկիա. Լեւոն Մեծագործ» գիրքը: Գրավաճառ Բաբկեն Սաքանյանը վկայում է, որ Եքթան Թյուրքիլմազին նման գիրք է վաճառել: Եքթանը դա չի ժխտում, բայց գիրքը չի հայտնաբերվել Եքթանի՝ Թուրքիա տանելիք ուղեբեռում եւ ոչ էլ այլ մի տեղ:

109֊-110 կտոր գրականության մեջ այդ մեկի վրա է կենտրոնացել մեղադրող կողմը, որովհետեւ եթե այդ մեկ գիրքը Հայաստանից դուրս է բերվել, մաքսանենգությունը տեղի է ունեցել, եթե ոչ՝ մնացած բոլորի հետ երեւույթը միայն մաքսանենգության փորձ է:

Եքթանն այսօր դատարանում պնդեց, որ ոչ մի գիրք Հայաստանից դուրս չի եկել, իսկ նախաքննության մարմնին ասել է, թե գիրքը հունիսի 2-ին Երեւան - Ստամբուլ չվերթով իր հետ տարել է քույրը՝ Զեյնելը, քանի որ, իր մոտ հայտնաբերված հեռախոսահամարներով Հայաստանում ապրող ծանոթներին, ընկերներին կանչում էին ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննում, ինչը նա անվանեց «աներեւակայելի վնաս իր հարաբերություններին»:

Մեղադրողի մարտավարական հարցերի երկրորդ խումբն արդեն օրենքին նախապես ծանոթ լինել֊-չլինելուն էր առնչվում:

«Ուղեբեռումս լավաշ էր, ի դեպ՝ 14 կիլոգրամ, ընկույզի մուրաբա, հագուստս ու գրքերս, որոնց փողը տվել էի, իմ իրերը՝ ուրիշ ոչ մի բան չկար», - ամբաստանյալի այս ասածը մեղադրողն ընդմիջեց «չգիտեի՞ք, որ այդ գրքերը մշակութային արժեք են» հարցով:

«Այն ժամանակ այսպես էի մտածում, հիմա գիտեմ, որ այդպես չէ», - ֊պատասխանեց Եքթան Թյուրքիլմազը՝ շարունակելով. - «Եթե մեկն ինձ զգուշացներ, որ երկու միլիոն դրամից ավելի վճարածս գրքերի համար պիտի ընդամենը 109 հազար դրամ մուծեի այդ գրքերն արտահանելու համար, թե’ իրավական, թե’ բարոյական տեսակետից անտրամաբանական է, որ իմանայի ու չանեի»:


Դատական նիստը կշարունակվի վաղը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG