Մատչելիության հղումներ

Սկսվել է ծանր զրահատեխնիկայի դուրսբերումը Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանից


Երկօրյա անբարենպաստ եղանակից հետո Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Նիկոլայ Ֆիլչենկո» եւ «Ազով» դեսանտային նավերին ուրբաթ օրը վերջապես հաջողվել է մոտենալ Աջարիայի ափերին:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Բաթումիի զինվորական պարետատնից հայտնել են, որ սկսվել է ռուսաստանյան 12-րդ ռազմակայանից ծանր զրահատեխնիկայի դուրսբերման գործընթացը: «Նիկոլայ Ֆիլչենկո» եւ «Ազով» դեսանտային նավերը Նովոռոսիյսկ կտեղափոխեն 40 անուն զրահատեխնիկա՝ 20 հրասայլ, 5 զրահամեքենա, 12 «Կրուգ» զենիթային կայան եւ 3 «Շիլկա» շարժական զենիթային կայան:

Բաթումիի ռազմական պարետատանը նաեւ նշել են, որ Բաթումի ռուսաստանյան ռազմակայանի մնացած մասի դուրսբերումը ծովային ճանապարհով կվերսկսվի 2006 թվականի գարնանը:

Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը եւ Վրաստանը համաձայնություն էին ձեռք բերել, որ ռուսաստանյան ռազմակայանները Ախալքալակից եւ Բաթումիից դուրս կբերվեն մինչեւ 2008 թվականը: Ախալքալակի ռազմակայանի տեխնիկայի որոշ մասը արդեն տեղափոխվել է Գյումրի՝ ռուսաստանյան 102-րդ ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG