Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով «Հայֆիլմ»-ի սեփականաշնորհմանը, «168 ժամ» շաբաթաթերթը գրում է. - «Մասնավորեցման մրցույթին միայն մեկ հայտ էր ներկայացվել: Գնել ցանկացողը «Արմենիա ստուդիոզ» ՓԲԸ տնօրեն Բագրատ Սարգսյանն էր, ով հանդես էր գալիս Գաֆեսճեան հիմնադրամի անունից»: «Ամեն ինչ բեմադրված էր, իսկ գլխավոր բեմադրիչը լավ ներկայացում սարքելու ջանք անգամ չէր թափել. ինչո՞ւ տանջվել, եթե հանդիսատեսը չի ընդվզի վատ խաղ տեսնելով», - փոխանցում է թերթը: - «Մրցույթը մի քանի տարիների ընթացքում կուլիսների հետեւում պատրաստված բեմադրության ցուցադրումն էր: Դեռեւս անցյալ տարի էր նախատեսվում «Հայֆիլմ»-ը հանձնել Գաֆեսճեան հիմնադրամին՝ 600 հազար դոլար պարտքի դիմաց: Սակայն սեփականաշնորհումն այն ժամանակ չկայացավ՝ խաղաքարտերը շատ էին բաց»:

Կրկեսի սեփականաշնորհման թեմայով «Գոլոս Արմենիի»-ին ենթադրում է, որ երբ խոսքը մոտ 2 միլիոն դոլարի ներդրման մասին է, կրկեսի կոլեկտիվը հազիվ թե կարողանար առանց լուրջ հովանավորների նման ներդրումների խոստում տալ: «Դատելով ամեն ինչից՝ նման տանիք Հայպետկրկեսի կոլեկտիվն ունի: Հատկապես եթե հաշվի առնենք, որ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի ներդրումային ծրագրի համաձայն, նախատեսվում է կրկեսին կից հյուրանոցի, ռեստորանի եւ այլ նման օբյեկտների հիմնում: Կոլեկտիվի մրցակից Սարիբեկ Սուքիասյանի բիզնես պլանում, թեեւ կոմերցիոն նպատակներ չեն հետապնդվում, առկա է, այդուհանդերձ, կրկեսին կից հյուրանոցային համալիրի կառուցման գաղափար: Արդեն ակնհայտ է, որ անկախ նրանից, թե կողմերից որը կշահի մրցույթում, կրկեսը այլեւս երբեք չի լինի նախկինը», - կանխատեսում է թերթը: - «Ամենայն հավանականությամբ, այն կդառնա հյուրանոցային - ռեստորանային համալիրին կից կրկրես, այլ ոչ թե հակառակը»:

«Բանտարկելով Եքթան Թյուրքիլմազին, Հայաստանի իշխանությունները կօտարեն մեր ժողովրդի բազմաթիվ բարեկամներին եւ մեծ նվեր կմատուցեն Հայոց ցեղասպանությունը ժխտողներին», - կարդում ենք «168 ժամ» շաբաթաթերթում: - «Թյուրքիլմազը երեւանյան հայտնի սրճարանի զուգարանում մարդ չի սպանել, մանկահասակ երեխայի մորը մահացու վրաերթի չի ենթարկել, ոչ էլ հայ ոստիկանների քթի տակ լրագրողներ է ծեծել: Նրան պարզապես հետաքրքրել է հայ ժողովրդի պատմությունը եւ մասնավորապես նրա հին գրքերը: Սա, ըստ Հայաստանի իրավապահ մարմինների, ավելի լուրջ մեղք է, քան վերոհիշյալ հանցագործությունները կատարելը»: «Համաձայն Ցեղասպանությունը ժխտող իր նոր մարտավարության, թուրքական կառավարությունն այս տարի բազմիցս պնդել է, որ իր պատմական արխիվներ բաց են հայ եւ օտարերկրյա այլ գիտնականների համար՝ Հայաստանին կոչ անելով նույնն անել... Թյուրքիլմազի ներկայությունը Հայաստանում քարոզչական նպատակներով օգտագործելու փոխարեն, մեր իշխանությունnերը նրան ձերբակալեցին», - շարունակում է թերթը: - «Քոչարյանին բաց նամակ ուղարկած ավելի քան 200 գիտնականներն այս առումով զգուշացնում են, որ Թյուրքիլմազին ազատ չարձակելը «կասկածներ կառաջացնի առ այն, թե Հայաստանն իրո՞ք խրախուսում է իր պատմության անկախ գիտական հետազոտությունները»: «Այս ամենը չհասկանալը թերեւս կարելի է ներել չեկիստական մտահորիզոն ունեցողներին, բայց ոչ երկրի քաղաքական ղեկավարներին», - եզրահանգում է «168 ժամ»-ը:

«Ներկայումս գործող կուսակցությունների անունները հաճախ բացարձակապես չեն համապատասխանում կուսակցությունների ներկայիս կարգավիճակին», - կարծիք է հայտնում «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հայ հեղափոխական դաշնակցությունը հեղափոխական էր մինչեւ 1998-ը, երբ իշխանություն չուներ: Այսօր այդ կուսակցության առաջնորդները առիթը չեն կորցնում ժողովրդին բացատրելու, թե ինչպիսի վնասներ կբերի երկրին հեղափոխությունը եւ որքան հարկավոր է ազգի համար ներքին կայունության պահպանումը: Հայոց համազգային շարժումն էլ է հնացած անուն... Այդ կուսակցությունն այսօր բացարձակապես համազգային չէ: Միավորված աշխատավորական կուսակցության անունն էլ ճշգրիտ չի արտահայտում դրա էությունը: «Աշխատավոր» բառը հիշեցնում է մայիսմեկյան շքերթները, բանվորների եւ գյուղացիների անքակտելի դաշինքը եւ ակնարկում է «ձախ» գաղափարախոսությունը: Այնինչ օլիգարխի ստեղծած քաղաքական ուժը, որքան հասկանում եմ, սոցիալիզմի տարրեր չի կարող պարունակել: Հանրապետական եւ «Հանրապետություն» կուսակցությունները նույնպես շատ հեռու են հանրապետական դասական գաղափարներից: Հանրապետականը ներկայիս նոմենկլատուրայի կուսակցությունն է, «Հանրապետություն»-ը՝ նախկին նոմենկլատուրայի: Նույն հաջողությամբ կուսակցությունները կարող են կոչվել «Միապետական» եւ «Միապետություն»:

Թերթելով «Մեդիամաքս» լրատվական գործակալության հրատարակած «Ով ով է Հայաստանում» գիրքը, «168 ժամ»-ը «զարմանալիորեն տեղեկացել է, որ երկրի գրեթե բոլոր քաղաքական այրերը տիրապետում են մի քանի լեզուների». - «Օրինակ, տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը տիրապետում է ռուսերեն, գերմաներեն եւ անգլերեն լեզուներին: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, պարզվում է, տիրապետում են ռուսերենին եւ անգլերենին»: Ուշադրության արժանի է թերթի առանձնացրած մեկ այլ օրինակ՝ Մանուկ Գասպարյանը, պարզվում է, տիրապետում է ոչ միայն ռուսերենին, այլեւ ֆրանսերենին:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG